Home / Հայաստան / Ստոմատոլոգներին ԱԺ-ում նոր նախագիծ են առաջարկել. նրանք, միևնույն է, դեմ են

Ստոմատոլոգներին ԱԺ-ում նոր նախագիծ են առաջարկել. նրանք, միևնույն է, դեմ են

Ստոմատոլոգների հերթական բողոքի ակցիան այսօր մեկնարկել է Ամերիկյան համարլսարանի շենքի մոտից. բժիշկները երթով շարժվել են դեպի նախագահական նստավայր, ապա Ազգային Ժողով, որտեղ էլ շարունակել են իրենց ակցիան:

Еpress.am-ի հետ զրույցում մասնագետներից շատերը կարծիք են հայտնել, թե իրենք հավատով եկել են ու վստահ են, որ իրենց կլսեն ու կաջակցեն:

«Արտոնագրային վճարը միայն մեր խնդիրը չէ, այլ ողջ ազգաբնակչության, որը անվճարունակ է: Խնդրում եմ մեր պետությանը, որ ընդառաջի ու նվազագույնի հասցնի այդ հարկերը: Եթե պետությանը փող է պետք, մենք դեմ չենք, կմուծենք, բայց ոչ հարկահավաքի ձևով. այսպես բյուջեն լցնելը խայտառակություն է: Բյուջեն կարելի է լցնել ակնհայտ մի շարք շքեղությունների հաշվին: Սկզբում հարվածեցին մանկավարժներին, բացօթյա առևտրով զբաղվողներին ու էլի շատերին, հիմա էլ՝ մեզ: Ինչո՞ւ ես պետք է թողնեմ իմ աշխատանքը ու գամ կանգնեմ այստեղ», – Epress.am-ի թղթակցին ասել է «Էրեբունի» ուսումնական կլինիկայի ատամնաբույժ  Կարինե Պետրոսյանը՝ հավելելով, որ իրենք մինչև մարտի 1-ը չեն աշխատելու:

Ավելի ուշ բողոքողներին է մոտեցել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և  զրուցել է նրանց հետ:

«Այս ամենը բացասական հետևանքներ է թողնելու մեր հասարակության շրջանում, չգիտեմ՝ ի՞նչ կերպ դուրս կգանք այս վիճակից, կամ դուրս չենք գա, միանշանակ բացասական են լինելու հետևանքները: Չենք կարող բացառել մենաշնորհի տարբերակը. նման կերպ վերացրին բացօթյա առևտրուրը, որպեսզի մեծ խանութներն ավելի շատ եկամուտ ունենան, հետո հերթը տաքսիստներինն էր, այնուհետ՝ վրացական պետհամարանիշներով մեքենաներինը, այսօր էլ հասել են այս խավին, չեմ կարող ասել, թե վաղը որ խավին կհասնեն», – ասել է Փոստանջյանը, ինչից հետո պատգամավորը մտել է ԱԺ-ի շենք:

Փոստանջյանը նիստի ժամանակ բարձրացրել է ատամնաբույժների խնդիրը, ինչին ի պատասխան ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ կառավարությունը զբաղվում է այդ խնդրով:

Նշենք, որ ակցիայի մասնակիցներից երկուսը հրավիրվել են ԱԺ և մոտ 2 ժամ  առանձնազրույց ունեցել  ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ:

«Սկզբում առաջ բերեցին օրինակները, ժխտեցին ՀՅԴ-ի նախագիծը, որում նշված է, թե պետք է հարկվի ոչ թե բազկաթոռից, այլ բժշկից, և սահմանել են 30.000 դրամ: Բաբլոյանը նաև ասաց՝ «մենք գիտենք, որ մի բազկաթոռի վրա աշխատում եք երկհերթ, եռահերթ, ապա այդ գումարը գումարվելով՝ 30.000-ը դառնում է 60.000 կամ 90.000 դրամ, և դա ի վնաս ձեզ է»: Երկար-բարակ զրուցեցինք, մեզանից առաջ էլի խմբեր են եղել՝ մասնավոր կլինիկաների ղեկավարներ, որոնց հետ նույնպես քննարկումներ են եղել: Բաբլոյանը նախագիծը տվեց, որտեղ 80.000-ը իջեցվում է 60.000-ի, 60.000-ը՝ 40.000-ի, ըստ այդմ՝ շրջաններում իջնում է մինչև 10.000 դրամ, մի խոսքով, մենք ոչինչ չենք պատասխանել, այլ ասել ենք, որ դուրս կգանք ու միայն կոլեգաների հետ ընդհանուր հայտարարի գալուց հետո պատասխան կտանք: Նախագիծը վերցրել ու դուրս ենք եկել: Բաբլոյանը նաև ասել է, որ ինքը այդ նախագիծը պետք է ԱԺ մտցնի, իսկ կընդունվի այն, պարզ չէ», –  Еpress.am-ի թղթակցին ասել է «Marstom» ատամնաբուժական կլինիկայի ղեկավար Մարո Մելիքյանը:

Վերջինիս խոսքով՝ դրսում իրենց սպասող կոլեգաները դեմ են արտահայտվել ներկայացված նախագծին:

«Բոլորն էլ դեմ են ու միաբերան ասում են, որ ժամանակին ոսկու շուկայի աշխատողների հետ էլ նման կերպ են վարվել՝ սկզբում ընդառաջել են ու հետո նորից թանկացրել», – եզրափակել է Մելիքյանը:

Հիշեցնենք, որ նոր օրենքի համաձյան, ստոմատոլոգները յուրաքանչյուր բոռ-մեքենայի համար պետք է ամսական 80-ից 100 հազար դրամ մուծեն, ինչը, ատամնբույժների խոսքով, անհնար է դարձնում ոլորտում աշխատելը: Ստոմատոլոգներից շատերը պնդում են, որ դա արվում է ոլորտից փոքր կլինիկաները դուրս մղելու համար, քանի որ ԱԺ պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանը կլինիկաներ է բացում՝ ցանկանալով մենաշնորհել ոլորտը: