Home / Հայաստան / Լևոն Զուրաբյանը՝ ԱԺ-ում. «Վերջ դրեք պատանդների առևտրի խայտառակ քաղաքականությանը»

Լևոն Զուրաբյանը՝ ԱԺ-ում. «Վերջ դրեք պատանդների առևտրի խայտառակ քաղաքականությանը»

Հունվարի 25-ին Վճռաբեկ դատարանը հետ է ուղարկել Հայ Ազգային Կոնգրեսի չորս ակտիվիստների՝ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով բողոքը և տրամադրել 20 օր նոր բողոք ներկայացնելու համար: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ եթե Վճռաբեկ դատարանը, կատարելով Սերժ Սարգսյանի՝ դատական իշխանությանը իջեցրած հրամանը, ուժի մեջ թողնի նրանց՝ համապատասխանաբար 6, 3, 2 և 2 տարով ազատազրկելու որոշումը, Հայաստանում կլինի 4 քաղբանտարկյալ:

Զուրաբյանը նշել է. որ ազատազարկված Տիգրան Առաքելյանը և դեռ ազատության մեջ գտնվող երեք մյուս տղաները, ըստ էության, պատանդ են դարձել իշխանությունների ձեռքում, որոնք փորձում են արդարադատության համակարգը օգտագործել որպես ընդդիմության վրա ազդելու քաղաքական գործիք:

«Հարցն արդեն պաշտոնապես բարձրացնում է միջազգային այնպիսի հեղինակավոր կազմակերպություն, ինչպիսին է «Հյուման Ռայթս Ոտչը», և տղաների անունները արդեն հնչում են ԵԽԽՎ-ի լիագումար նիստերում որպես ապացույց, որ Հայաստանը խախտում է մարդու իրավունքները և քաղբանտարկյալներ ունի: Տղաների ազատությունն են պահանջում նաև Հայաստանի բոլոր իրավապաշտպան կազմակերպությունները:

Արդյոք ժամանակը չէ՞ հասկանալու համար, որ, Տիգրան Առաքելյանի պահելով բանտում, դուք թունավորում եք քաղաքական մթնոլորտը Հայաստանում և ընդամենը ապացուցում եք, որ Հայաստանում տիրում է քինախնդիր և ողորմելի մի բռնապետություն, որը վախենում է անգամ մի քանի համարձակ ակտիվիստներից:

Հանուն այդ քինախնդրության դուք պատրաստ եք թուլացնել Հայաստանի միջազգային վարկը և դիրքերը կարևորագույն միջազգային կառույցներում:

Սթափվեք, ազատեք տղաներին այդ բռնաճնշումներից և վերջ դրեք պատանդների առևտրի այս խայտառակ քաղաքականությանը»,- ասել է Զուրաբյանը: