Home / Հայաստան / Հայրիկյանը մահափորձին չհավատողներին մաղթել է «երբեք այդպիսի ոչ մահափորձի չառնչվել»

Հայրիկյանը մահափորձին չհավատողներին մաղթել է «երբեք այդպիսի ոչ մահափորձի չառնչվել»

ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը մահափորձից հետո այսօր երկրորդ անգամ է դուրս է եկել հիվանդանոցից՝ «հիվանդությանը չտրվելու և թշնամիներին չուրախացնելու համար»: Այս մասին նա հայտարարել է հիվանդանոցից դուրս գալուց առաջ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:

«Բոլոր նրանց, ովքեր ուրախացել են, ասեմ, որ ես կամ, ու թող շատ չուրախանան»,- ասել է Հայրիկյանը:

Բոլոր նրանց, ովքեր ասում են, թե կատարվածը մահափորձ չէր, նախագահի թեկնածուն մաղթել է «երբեք այդպիսի ոչ մահափորձի չառնչվել»:

ԱԻՄ առաջնորդը շեշտել է, որ սա հետապնդում էր «Հայրիկյանին վերացնելու նպատակ», որով ԿԳԲ-ն զբաղվել է 20 տարուց ավելի:

«Իսկ նրանք, ովքեր ասում են, թե ԿԳԲ-ն չկա, իրենց նման միամիտ անմակարդակների համար ԿԳԲ-ն չկա: Մահափորձը զուգահեռաբար հետապնդում էր նաև քաղաքական նպատակ, ես կարողացա ինքս ինձ պաշտպանելով կանխել քաղաքական նպատակը: Ինչ վերաբերում է հայտարարությանը, ես ասել եմ, որ մենք ահաբեկչությանը ընդառաջ չպետք է գնանք, որովհետև ես դեմ եմ հետաձգելուն: Բայց հաշվի եմ առնում, որ կա քրեական գործ, որի արդյունքները ևս կարևոր են, բացի այդ կան այլ թեկնածուներ, ովքեր մասնակցում են այս ընտրությանը, և ամեն մեկն ունի իր տեսակետը»,- ասել է Հայրիկյանը:

Հիշեցնենք, որ հիվանանոցից Հայրիկյանը մեկնել է իր փաստաբանի՝ լրագրողների հետ հանդիպմանը, որտեղ պաշտոնապես հայտարարվել է, որ փետրվարի 18-ին նշանակված նախագահական ընտրությունները չեն հետաձգվելու: