Home / Հայաստան / Հայրիկյանի դեմ մահափորձը քանդում է անվտանգ և ապահով Հայաստանի միֆը. դեսպան

Հայրիկյանի դեմ մահափորձը քանդում է անվտանգ և ապահով Հայաստանի միֆը. դեսպան

Պարույր Հայրիկյանի վրա կատարած մահափորձը հանելուկային պատմություն է և տրամաբանական չէ: Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ասել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:

Թերթի թղթակիցը նրան է ուղղել հետևյալ հարցը. «Պարոն դեսպան, գաղտնիք չէ, որ բոլոր դեսպանատներն ունեն իրենց հատուկ ծառայությունները, և լավագույնները տիրապետում են տվյալ երկրում տիրող ամեն ինչին: Ձեր հատուկ ծառայությունները ձեզ ի՞նչ են զեկուցել Պարույր Հայրիկյանի մահափորձի մասին: Ո՞րն է ձեր երկրի տեսակետը, ո՞վ է կանգնած այդ մահափորձի ետևում»:

«Իսկ ի՞նչ ասել է «հատուկ ծառայություն»: Հետախուզական ծառայություն, այո՞: Առաջին հերթին քաղաքական-հասարակական իրականությունը պետք է զատել միֆոլոգիայից: Եթե դուք կարծում եք, որ «հատուկ ծառայությունները» դրանք տեսախցիկներ են Հայաստանի ամեն սյան և քարի վրա, կարծում եմ, որ ոչ մի վատիկանյան և Մոսադի հետախուզություն չի կարող Հայաստանի իրադրության մասին ավելի լավ տեղեկացված լինել, քան հայկական ծառայությունները: Գիտե՞ն հայկական ծառայությունները ով է կանգնած մահափորձի ետևում: Չգիտեն: Գոնե այդպես են ասում: Նշանակում է, մեկ ուրիշը նույնպես չի կարող իմանալ: Սա միֆ է: Սա լրիվ այլ զրույցի թեմա է (ժպտում է – հեղ.): Մահափորձը շատ հանելուկային պատմություն է, որովհետև տրամաբանական չէ այն իմաստով, որ պարոն Հայրիկյանը շատ հարգելի անձնավորություն է, նա պայքարի խորհրդանիշ է: Բայց չնայած պարոն Հայրիկյանն ինքն է ասում, որ առաջին փուլում 70 տոկոս քվե կստանա, ես դրանում համոզված չեմ: Ինձ չի թվում, թե նա երկրորդ փուլ անցնելու հնարավորություն ունեցող ֆիգուր է: Նա այն վտանգավոր մրցակիցը չի, որին չեզոքացնելու կարիք լիներ: Բոլորը միաձայն՝ և ընդդիմությունը, և իշխանությունը, ասում են, որ դա մահափորձ է պետականության դեմ: Ինչ-որ չափով՝ այո: Ես համաձայն եմ նաև, որ դա «խփում է» իշխանությունների վարկանիշին: Որովհետև դա առաջին հերթին քանդում է ընտրությունների այն ուրախ պատկերը, որի մասին մենք խոսեցինք, անվտանգ և ապահով Հայաստանի միֆը, և դա արդեն ազդում է ընտրությունների գնահատականի վրա: Բայց միգուցե Հայաստանի շատ քաղաքական գործիչներ կնեղանան, ես ունեմ իրավիճակի իմ տեսլականը: Նույնիսկ եթե դա չլիներ քաղաքական մոտիվացիայով, բայց արդյունքը լինելու է քաղաքական: Սա մեկ: Երկրորդը ինձ թվում է որ, չնայած նման բաներ կարող են տեղի ունենալ ցանկացած երկրում, բայց սա հնարավոր էր, որովհետև Հայաստանում չի վերացել անպատժելիության մթնոլորտը: Սա ցանկացած հարթությունում, մանր և խոշոր հանցագործությունների: Պատմում եմ ձեզ սա որպես անեկդոտ, կարող եք ծիծաղել, բայց ինձ համար դա շատ խոսուն էր: Կողոպտել էին իմ նստավայրը: Ես խոսեցի այն չինովնիկի հետ, ով պատասխանատու էր անվտանգության համար: Նա ասաց գիտեք, դա իմ գործը չէ: Ես սարսափեցի: Այդ բարձրաստիճան մարդու մոտ բացակայում էր զգացողությունը, թե ինչ է նշանակում «պետականություն»: Սեփական երկրի համար պատասխանատվության զգացողությունը պետք է բոլորին պատասխանատվության տանի ոչ միայն սեփական տեղամասի համար: Ես կարծում եմ, որ անկախությունից հետո Հայաստանի համար ամեն ինչ չէ, որ հարթ է եղել: Սպանությունները, որոնք, ասում են, քաղաքական մոտիվացիաներ ունեին, միշտ չէ որ, մեղմ ասած, բացահայտվել են: Վերցրեք 2008թ. իրադարձությունները: Ոչ ոք պատասխան չտվեց», – ասել է դեսպանը:

Ռաչինսկին ընդգծել է, որ ամենաթողության մթնոլորտը կարող էր ինչ-որ մեկին դրդել, որ կարելի է կրակել:

«Ահա, քաղաքականության մեջ ոչինչ չի առաջանում ոչնչից: Քաղաքականության մեջ, ինչպես հղիության, ոչինչ չի կորչում, դա պետք է իր արդյունքը տա: Քաղաքական գործիչը չի կարող խուսափել պատասխանատվությունից իր գործունեության համար և ոչ թե այնտեղ, հեռավոր աշխարհում, այլ այստեղ: Խոսք կա «կմախքներ պահարանում»: Միայն անհեռատես քաղաքական գործիչներն են կարծում, որ կարելի է թաքցնել այդ կմախքները: Ես հուսով եմ, որ ցավալի իրադարձությունը չի ազդի ոչ ընտրությունների արդյունքների, ոչ էլ քարոզարշավի վրա: Բայց մի բան փաստ է տոնն արդեն փչացված է», – ասել է դեսպանը:

Նշենք, որ հարցազրույցի հրապարակումից հետո պաշտոնական Երևանն արձագանքել է դրան՝ ի դեմս ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի:

«Ցանկացած դիվանագետ՝ առավել ևս դեսպան, իր հավատարմագրման երկրում տեղի ունեցող գործընթացների, այդ երկրի ներքին և արտաքին քաղաքականության մասին կարծիք հայտնելիս չպետք է անցնի դիվանագիտական էթիկայի սահմանները, ինչը կարող է ստվեր գցել հենց դեսպանի՝ որպես երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացմանը նպաստող պատասխանատուի առաքելության վրա», – հայտարարել է Քոչարյանը: