Home / Հայաստան / Պարույր Հայրիկյանի դեմ մեդիա-ահաբեկչություն են իրագործում. հայտարարություն

Պարույր Հայրիկյանի դեմ մեդիա-ահաբեկչություն են իրագործում. հայտարարություն

Մի շարք հասարակական գործիչներ, գրողներ, արվեստագետներ ևս մեկ անգամ կոչով դիմել են ՀՀ նախագահի 7 թեկնածուներին՝ պահանջելով իրենց թեկնածությունները հանել հօգուտ Պարույր Հայրիկյանի:

«Պաշտոնական քարոզարշավի իր մեկնարկային հեռուստաուղերձով, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը, խոսելով համատարած հուսալքության, արմատացած և անշրջելի թվացող վախի մթնոլորտի մասին, զուգահեռ անցկացրեց, թե ինչպես էին ԽՍՀՄ ԿԳԲ-ի բանտերում կոտրում, հուսալքում և բարոյալքում մարդկանց. «Սիրելի հայրենակիցներ, այսօր թեպետ ծպտյալ, սակայն հենց այդ նույն ուժերն են ձեզ այս օրին հասցրել: Մի վհատվեք, մենք գերված ենք, բայց ոչ ստրուկներ, մենք միասին ենք ուղղելու մեր մեջքը»: Հայաստանի հանրային հեռուստաեթերից հնչած այս իրադարձային ուղերձին հաջորդեց մահափորձը Պարույր Հայրիկյանի դեմ:

Ուժգնացավ Պարույր Հայրիկյանին քաղաքական գործչից պատմական, թանգարանային և ժամանակավրեպ կերպարի վերածելու` դեռևս 1991 թվականից սկսված գործընթացը: Նրա քաղաքական մեկուսացումը շարունակելու, նրա ծրագրերը շրջանցելու-արգելափակելու համար, գործի դրվեց չեկիստական բազմաֆունկցիոնալ մեթոդների ողջ զինանոցը:

Պարույր Հայրիկյանին հերոսականացնելուն, անկախության խորհրդանիշի և հուշարձանի վերածելուն միտված սիրո խոստովանություններին ու խոնարհումներին զուգահեռաբար, համարժեք ջանադրությամբ շրջանառության դրվեց նրա` կոլաբորացիոնիստների ռեժիմին ծախվելու մասին տիրաժավորված զրպարտչությունը», – նշում են հայտարարության հեղինակները:

Նրանք նշում են, որ «հունվարի 31-ի ահաբեկչությունը դեռևս գործողության մեջ է»:

Հայտարարության հեղինակների կարծիքով՝ տապալված մահափորձից հետո Պարույր Հայրիկյանի ծրագրավորված սպանությունը փոխարինվել է քաղաքական հաշվեհարդարով, հրապարակային վարկաբեկման` մեդիա-ահաբեկչությամբ:

«Պարոնայք թեկնածուներ, այսպես շարունակելն այլևս պետական դավաճանություն է: Քանի դեռ Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ է, քաղաքական աքսորում հայտնված անկախության պայքարի վերականգնման և Հայաստանի Հանրապետության ապագաղութացման հնարավորությունը կա: Եթե գործողության մեջ դրված այս ահաբեկչության մաս չեք կազմում, պահանջում ենք.

Հանե’լ ձեր թեկնածությունները և անկախության պայքարի առաջնորդ Պարույր Հայրիկյանին ընտրացուցակում սկզբունքորեն թողնել միայնակ` 2013 թվականի փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրությունները վերածել ՀՀ Անկախության Հանրաքվեի վերահաստատման արարողության»:

Հայտարարության տակ ստորագրել են՝ Խաղաղարար Նախաձեռնությունների Կովկասյան Կենտրոնի նախագահ Գեորգի Վանյանը, գրող, Հայաստանի հանրապետական կուսակցության առաջին խորհրդի անդամ Վահե Ավետյանը, գրող Արա Բալիոզյան, սոցիոլոգ Քրիստինա Պողոսյան, նկարիչ Հենրիկ Խաչատրյան, լրագրող, իրավապաշտպան Լուիզա Պողոսյանը, նկարիչ  Սարգիս Հովհաննիսյանը, լրագրող Վարդան Հովհաննիսյանը, ռեժիսոր Գարսևան Խաչատրյան, Եվգենիա Բաբայանը, գրող, լրագրող Նարինե Ավետյանը,  գործարար Կարեն Վարդանյանը:

Նշենք, որ առաջին հինգ անձինք նախագահի 7 թեկնածուներին ուղղված կոչով դիմել էին նաև փետրվարի 1-ին: