Home / Հայաստան / Գտել են ատրճանակը, որից, հնարավոր է, կրակել էին Հայրիկյանի վրա

Գտել են ատրճանակը, որից, հնարավոր է, կրակել էին Հայրիկյանի վրա

Ազգային անվտանգության ծառայությունը կարող է հիմնավոր ենթադրություն անել, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձն ամբողջությամբ բացահայտելու համար առկա են օբյեկտիվ նախադրյալներ: Ինչպես ասված է ԱԱԾ-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ, այդ ենթադրությունը հնարավոր է եղել անել քրեական գործի քննության շրջանակներում կատարված գործողությունների արդյունքների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների համալիր վերլուծության արդյունքում: Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն հայտնել էր երկու կասկածյալների՝ Սամվել Հարությունյանի և Խաչատուր Պողոսյանի ձերբակալության մասին:

ԱԱԾ-ն, մասնավորապես, նշում է, որ ձեր­բակալ­ված­ներից մեկի բնակարանում հայտնաբերվել է «Նագան» տե­սակի ատրճանակ, որի խմբին պատկանող զենքից, ըստ մասնա­գետ­ների կարծիքի, արձակվել է դեպքի վայրում հայտնաբերված գնդակը:

«Բացի դա, ձերբակալվածներն իրենց ցուցմունքներում նշել են ինչ­պես դեպքի, այնպես էլ դրան նախորդող մի քանի օրերի իրադարձու­թյուն­­ներին վերաբերող մի շարք փաստական հանգամանքներ, որոնք լրիվ կամ մասնակի համընկնում են մինչև կասկածյալների ձերբա­կա­լումը ստացված այլ օբյեկտիվ տեղեկությունների, այդ թվում` տեսա­ձայնագրությունների, փորձագետների եզրակացությունների և ցուցմունք­ների հետ:

Միաժամանակ, քրեական վարույթն իրականացնող մարմինը շա­րու­նակում է ստուգել ինչպես ձերբակալվածների հայտնած մյուս տեղե­կու­թյուն­ները, այնպես էլ նախաքննության սկզբում առաջ քաշված և դեռևս չհերքված հանցանքի կատարման մնացած վարկածները», – ասված է հաղորդագրության մեջ: