Home / Հայաստան / «Ոնց որ պռոշդ ճաքում ա ԼՂՀ-ի համար». Սարգսյանի հանդիպման մասնակիցների անձնագրերը ստուգում էին

«Ոնց որ պռոշդ ճաքում ա ԼՂՀ-ի համար». Սարգսյանի հանդիպման մասնակիցների անձնագրերը ստուգում էին

Քարոզարշավի վերջին շրջանում ՀՀ նախագահի թեկնածուները սկսել են իրենց ոչ կոռեկտ պահել: Այս մասին այսօր Նուբարեշենում կայացած նախընտրական հանդիպմանն ասել է ՀՀ նախագահի թեկնածու, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Նա հավելել է, որ նկատի ունի թեկնածուներից մեկի հայտարարությունները, թե ընտրությունները չարի ու բարու պայքար են: Սարգսյանը հետաքրքրվել է, թե այդ դեպքում որն է չարը և որն է բարին:

«Ինչպես ասում են՝ տեղ հասանք: Մեկը լինի հարցնի՝ էլի սկսեցիք մերոնք-ձերոնք ասել: Էս մարդիկ վարակված են բաժանարար գծերով: Էլի սկսեցիք իմ ու քո Հայաստան ասել: Ե՞րբ են հասկանալու, որ մեր երկիրը ուղղակի մեղք է այս մասնատումների ձեռքին», – ասել է Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Գյումրում ելույթ ունենալիս նշել էր, որ ընտրությունները ոչ թե քաղաքական կուսակցությունների, այլ չարի ու բարու պայքար են:

Ըստ Սարգսյանի՝ այդ կոչերն անող թեկնածուն ինքը չգիտի՝ որն է բարին, որն է չարը:

«Ասում է՝ կճանաչեմ ԼՂՀ անկախությունը: Դրանից մեծ ավանտյուրա չի կարող լինել: Ոնց որ պռոշդ ճաքում ա ԼՂՀ-ի համար: Ու այդ մարդն իրեն  համարում է արտաքին քաղաքականության լավ մասնագետ»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նա խորհուրդ է տվել նման բաժանումներ անելու փոխարեն լույսը տեսնել, նայել ու տեսնել լավը:

ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուն նաև անդրադարձել է իր հարցազրույցների մեկնաբանություններին:

Ըստ գործող նախագահի՝ «երբ մարդը մեկի հարցին պատասխանում է, ավելի ճիշտ կլինի ընկալել հումորը» : Ապա Սարգսյանը ներողություն է խնդրել իր էմոցիոնալ ելույթի համար և սկսել է պատասխանել հավաքվածների հարցերին:

Նշենք, որ հանդիպումն անցկացվում էր Նուբարաշենի մշակութային կենտրոնում: Քանի որ դահլիճը փոքր էր, Epress.am-ի թղթակիցը փորձել է հանդիպման կազմակերպիչներից ճշտել, թե ինչ սկզբունքով են ընտրվել հանդիպման մասնակիցները:

Ներկաներից մեկն ասել է, որ հրավիրատոմսեր են բաժանվել համայնքի բնակիչ Հանրապետական կուսակցության անդամներին: Հանդիպման կազմկերպիչներից մեկը ներկայացած մի մասնակից ասել է, թե «խառը խավեր» ներկայացնող նուբարաշենցիներ են եկել հանդիպելու Սերժ Սարգսյանին: Մշակութային տունը հսկող դռնապաններն էլ նշել են, որ իրենք ունեն հրավիրվածների ցուցակ և միայն անձնագիրը ստուգելով են թողնում մտնել դահլիճ: