Home / Հայաստան / Դատաբժիշկը պատմել է՝ ինչ վնասվածքներից է մահացել Վահե Ավետյանը

Դատաբժիշկը պատմել է՝ ինչ վնասվածքներից է մահացել Վահե Ավետյանը

2012 թվականի հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի ենթարկված և 12 օր անց հիվանդանոցում մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի գործով այսօրվա դատական նիստը սկսվել է մեկ ժամ ուշացումով՝ տուժողների ներկայացուցիչների` Վահե Գրիգորյանի, Լուսինե Հակոբյանի, Տիգրան Եգորյանի ուշացման պատճառով:

Դատավոր Դավիթ Հարությունյանը սանկցիա է կիրառել փաստաբանների նկատմամբ՝ նկատողություն հայտարարելով նրանց: Մինչ պաշտպանների ժամանելը, մեղադրող դատախազը միջնորդել է նախ ուսումնասիրել գործի փաստերը, ապա անցնել այսօր ցուցմունք տվող վկայի՝ դատաբժշկական փորձագետ Գևորգ Գաֆարյանի հարցաքննությանը, ով անցկացրել է Վահե Ավետյանի դիակի զննությունը:

Գաֆարյանը նշել է, որ Ավետյանի մահը վրա է հասել ուղեղի վնասվածքից, որի հետ անմիջական կապ են ունեցել հետևյալ մարմնական վնասվածքները՝ ստորին ծնոտի, բերանի ներսում արյունահավաքը, ձախ ծոծրակային շրջանում արյան զեղումները, քթի կոտրվածքը, հավանաբար, նաև ճակատային շրջանում 19 սանտիմետրանոց արյան կուտակումը: Գաֆարյանը կարծիք է հայտնել, որ վերջին վնասվածքը կարող էր առաջանալ վիրահատության հետևանքով, մինչդեռ առաջին երեքը ծեծի հետևանք են:

Դատաբժիշկը նաև պարզել է, որ Վահե Ավետյանը միջադեպի օրը թոքաբորբ է ունեցել, ինչպես նաև ստացել է վերջույթների վնասվածքներ, սակայն դրանք անմիջականորեն կապ չեն ունեցել մահվան հանգամանքի հետ:

Մեղադրող դատախազ Արթուր Դավթյանը բժշկից հարցրել է, թե արդյոք հնարավոր է ճշտել հարվածների հաջորդականությունը: Փորձագետի խոսքով՝ քանի որ մահը վրա է հասել միջադեպից 12 օր հետո, գործնականում հնարավոր չէ պարզել, թե որ հարվածը որից հետո է եղել: Նա նաև ասել է, որ հնարավոր չէ պարզել, թե քանի հարվածից հետո են առաջացել վնասվածքները, քանի որ, մասնավորապես, քթի կոտրվածքը կարող էր առաջանալ ընդամենը մեկ հարվածից: