Home / Տեսանյութեր / Կառուցվող շինությունը 80 սմ հեռու է հարակից շենքերից. բողոքի ակցիա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կառուցվող շինությունը 80 սմ հեռու է հարակից շենքերից. բողոքի ակցիա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են կազմակերպել Աբովյան 3, Աբովյան 3/1 շենքերի բակում: Ակցիայի ընթացքում նրանց միացել են հարակից շենքերի բնակիչները: Բողոքողները պահանջում էին դադարեցնել վերոնշյալ շենքերի բակում շինության կառուցումը, քանի որ նշում են, որ այն կարող է վնասել Աբովյան փողոցի վրա գտնվող նախկին ԱՕՔՍ-ի շենքը:

«Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրել է, որ երբ տվյալ տարածքում սկսել են փոս փորել, քաղաքացիական նախաձեռնության հարցին ի պատասխան՝ ասվել է, որ հետազոտման աշխատանքներ են կատարվում, սակայն հետագայում սկսել են շինարարական աշխատանքներ իրականացնել:

«Հետազոտումը չէր նշանակում փոսորակ փորել, բայց փորեցին փոսորակը ու շինարարության առաջին օրվանից, երբ հյուրանոցը սկսեց կառուցվել, ես բարձրաձայնել եմ խնդիրը: Բայց մինչև օրս մշակույթի նախարարությունը հայտարարություն չի արել, պարոն Նարեկ Սարգսյանը (Երևանի գլխավոր ճարտարապետ), ինչպես միշտ, իր դերում, ինքն է նախագծի հեղինակը: Այս պահին քաղաքաշինության նախարարությունը գտնում է, որ տվյալ շինարարությունը կատարվում է շինարարական նորմերի խախտմամբ, նույն եզրակացությունը տվել է  արտակարգ իրավիճակների նախարարությունը, բայց տարօրինակն ի՞նչն է… ոմն «Լավո» ՍՊԸ-ն, որը քաղաքաշինության նախարարության կողմից ստացված լիցենզիա ունի, եզրակացություն է տվել Սամվել Մայրապետյանին (գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր)՝ «Լոկալ Դեվելոփերս» կազմակերպության տնօրենին, որը հանդիսանում է կառուցապատող, որ ամեն ինչ համապատասխանում է շինարարական նորմերին: Հիմա հարց է ծագում՝ «Լավո» ընկերությո՞ւնն է խախտում օրենք, թե՞ քաղաքաշինության նախարարությունը: Եթե «Լավո» ՍՊԸ-ն իր պարտականություններին չի տիրապետում, ուրեմն նա պետք է զրկվի լիցենզիայից, իսկ եթե քաղաքաշինության նախարարությունը տգետ է և չգիտի՝ ինչ է անում, ուրեմն միգուցե, «Լավո» ՍՊԸ-ի տնօրենին դնենք, թող ղեկավարեն քաղաքաշինության նախարարությունը»,- ասել է Վարդան Գերավետյանը:

Նա նաև ասել է, որ հաշվի չի առնվել հարակից շենքերի բնակիչների կարծիքը: Գերավետյանը նշել է, որ նոր շինության պատճառով բնակիչները զրկվել են արևի լույսից, քանի որ կառուցվող շենքի պատից մինչև իրենց շենքերն ընկած հեռավորությունը 80 սմ է:

«Ես հարց եմ տալիս ցանկացած մարդու, նաև իշխանավորներին, եթե նրանց  պատուհանի առաջ գան, 80 սանտիմետր հեռավորության վրա պատ սարքեն, նրանք դա ի՞նչ կորակեն: Խնդիրը նրանում է, որ միշտ գալիս ենք, ասում ենք, ԱՕՔՍ-ի պահով, Փակ շուկայի պահով, որոնք պատմական հուշարձաններ են… խոսում ենք, նրանք  կառուցում են: Մենք ունենք պետությո՞ւն, թե՞ մենք ունենք ինչ-որ կառույցներ, որոնք ընդամենը ստեղծված են նրա համար, որ կառուցապատողները գան, ինչ-որ թղթղեր մրոտեն և գնան՝ ինչ ուզում են անեն»,- ասել է Գերավետյանը:

Նա ընդգծել է, որ եթե իշխանությունները պետք է անընդհատ խոսեն կոռուպցիայից և ոչինչ չանեն, ուրեմն նման իշխանություններ քաղաքացիներին հարկավոր չէ:

Նշենք, որ բողոքի ակցիայի վայր է եկել ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչ Կարո Այվազյանը, ում հետ բնակիչները և նրանք փաստաբանը սկսել են վիճել, սակայն այդ վեճը ոչնչով չավարտվեց:

Նախաձեռնության անդամները հաջորդ ակցիան մտադիր են անցկացել փետրվարի 15-ին կայանալիք դատական նիստից հետո: Դատական նիստին քննվելու է նոր շինության կառուցման նպատակահարմարությունը: