Home / Հայաստան / Հայրիկյանը նոր է բացահայտել Բագրատյանին. «Նա դավաճանել է Տեր-Պետրոսյանին»

Հայրիկյանը նոր է բացահայտել Բագրատյանին. «Նա դավաճանել է Տեր-Պետրոսյանին»

ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու վերաբերյալ իր դիմումը Սահմանադրական դատարանից հետ է վերցրել, որպեսզի իր վրա կազմակերպված ահաբեկչության հեղինակներն իրենց նպատակին չհասնեն և որպեսզի հացադուլ անող թեկնածու Անդրիաս Ղուկասյանը ընտրությունների հետաձգման պատճառով չմահանա: Այս մասին Հայրիկյանն ասել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը՝ հավելելով, որ ինքը չի ցանկանում «Ղուկասյանի կյանքը դնել զոհասեղանին»:

Հայրիկյանն ասել է, որ իր անձնական շահերը ստորադասում է ազգային շահերին, և դա է դիմումը հետ վերցնելու պատճառը, այլ ոչ թե Սերժ Սարգսյանից խորհուրդ ստանալը:

«Սերժ Սարգսյանն այցելել է ինձ մեկ անգամ՝ հիվանդանոցում, խոսել ենք իմ առողջական վիճակից: Նա չի հորդորել դիմել ՍԴ, ի տարբերություն Հրանտ Բագրատյանի»,- ասել է Հայրիկյանը:

Նա անդրադարձել է նաև միասնական թեկնածուով հանդես գալու իր կոչին եղած արձագանքներին, մասնավորապես, Հրանտ Բագրատյանի դիտարկմանը, թե կոչը կարիք չկար հրապարակավ հնչեցնել: Հայրիկյանն ասել է, որ հրապարակային գործողություններից խուսափելը ՀՀՇ-ական գործելաոճ է, և Բագրատյանի պատասխանը, ըստ էության, պատասխան չէր միության կոչին:

«Մարդիկ չեն ուզում հաղթել: Նրանց հաճույք է պատճառում երևալը»,- ասել է Հայրկյանը:

Հարցին, թե արդյոք Հայրիկյանը կհետևի Հրանտ Բագրատյանի հորդորին և կհայտարարի, որ պաշտոնի չի ձգտում և չի շնորհավորի Սերժ Սարգսյանին, բանախոսն ասել է, որ թեկնածուներից միայն Սերժ Սարգսյանն ու Հրանտ Բագրատյանն ունեն պաշտոններ, և ինքը շնորհավորում է նույնիսկ նարդիով իրեն հաղթած խաղացողներին:

«Ես նոր Բագրատյանին բացահայտեցի: Ինքը իր թիմակիցներին է դավաճանել: Իրեն պառլամենտական աթոռ տված Լևոն Տեր-Պետրոսյանին նույնիսկ չասաց, որ մտադիր է առաջադրվել»,- ասել է Հայրիկյանը:

Այնուհանդերձ, Հայրիկյանը ընդդիմադիր թեկնածուների համախմբումը դեռ չի բացառել՝ հիշեցնելով «երբեք մի ասա երբեք» ասացվածքը: