Home / Հայաստան / Ցեղասպանության ճանաչման 100-ամյակին ընդառաջ հայատյացության դեպքերն ավելանալու են. Մանոյան

Ցեղասպանության ճանաչման 100-ամյակին ընդառաջ հայատյացության դեպքերն ավելանալու են. Մանոյան

Վերջին շրջանում Թուրքիայում տեղի ունեցող միջադեպերը արտահայտում են առկա հայատյացության մթնոլորտը. սա երիտթուրքերի օրերից  շարունակվող նույն գաղափարախոսությունն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, ով խոսել է Ստամբուլի հայաբնակ Սամաթիա թաղամասում վերջին շրջանում տարեց հայ կանանց դեմ բռնությունների մասին:

«Հայերի նկատմամբ նման դրսևորումների ավելացումը շատերը կապում են Ցեղասպանության ճանաչման 100-ամյակի հետ, և որքան մոտենում է այդ օրը, այնքան շատանալու են հայատյացության դեպքերը»,- ասել է քաղաքական գործիչը՝ ընդգծելով, որ այս ամենի պատասխանատուն նախևառաջ իշխող կուսակցությունն է:

Կիրո Մանոյանի հավաստմամբ՝ թեև Թուրքիայում իշխող կուսակցությունը փորձում է ազատվել Աթաթուրքի մթնոլորտից, սակայն շարունակում է նույն քաղաքականությունը:

«Իշխող կուսակցության բարձրաստիճան ոչ մի պաշտոնյա հրապարակավ չի անդրադարձել այս հակահայկական դեպքերին. անդրադարձ եղել է ոստիկանության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների կողմից, որոնք էլ հարձակումները փորձել են որպես գողության փորձ ներկայացնել», – նշել է գրասենյակի պատասխանատուն:

Մանոյանն ընդգծել է, որ այս հարցերի վերաբերյալ Թուրքիայի մարդու իրավունքների Ստամբուլի մասնաճյուղի հրապարակած հատուկ զեկույցում թեև նշված է եղել հետաքննության հրապարակայնորեն կայացման մասին, այնուամենայնիվ, դա տեղի չի ունեցել:

«Հրապարակված զեկույցի կետերից մեկում, որը շատ կարևոր բացահայտում էր, նշվում էր, որ Թուրքիայում ցեղապաշտության դեմ պայքարի օրենք չկա: Նշանակում է՝  հայ լինելը կարող են որպես հայհոյանք ընդունել, բայց քրեական պատժի չենթարկվել», – նշել է բանախոսը՝ ավելացնելով, որ, չնայած ոստիկանությունը ինչ-ինչ միջոցներ է ձեռնարկում նմանատիպ դեպքերը կանխելու ուղղությամբ, սակայն երկու օր առաջ Թուրքիայի խանութներից մեկում մի անձ գրություն է թողել, որտեղ նշել է, թե սպանություն կատարողը ինքն է ու շարունակելու է: