Home / Տեսանյութեր / Ոստիկանների դեմ բողոքելուց հետո երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել

Ոստիկանների դեմ բողոքելուց հետո երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել

Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքում 7 ոստիկանների կողմից դաժան ծեծի ենթարկված Մհեր Անդրեասյանը պայքարում է այդ ոստիակնների դեմ քրեական գործ հարուցելու համար, ինչի պատճառով նրա դեմ հարուցված գործի մեղադրանքն ավելացվել է: Այս մասին Epress.аm-ի հետ զրույցում ասել է Անդրեասյանի փաստաբան, «Հելսինկյան ասոցիացիայի» ներկայացուցիչ Անի Թորոսյանը: Փաստաբանի խոսքով՝ այժմ Անդրեասյանին մեղադրում են ոչ միայն կողոպուտ կազմակերպելու, այլև ոստիկանությունից փախուստի դիմելու մեջ:

Այս ավելացման մասին Անդրեասյանը ծանուցվել է այն բանից հետո, երբ վերջինիս ներկայացուցիչը դիմում է գրել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ պահանջելով վերացնել ՀՔԾ-ի որոշումը՝ մերժել ծեծին մասնակցած ոստիկանների դեմ գործ հարուցելու մասին դինումը:

Թորոսյանն ասել է, որ գլխավոր դատախազը ևս անփոփոխ է թողել ՀՔԾ քննիչի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը, ինչը Անդրեասյանի կողմը մտադիր է բողոքարկել, այսինքն՝ դիմել  առաջին ատյանի դատարան:

Հիշեցնենք, որ Նոր Նորքի ոստիկանությունում երիտասարդին ստիպել են չորեքթաթ կանգնել, գլուխը կախ պահել և ծեծել են քացիներով ու բռունցքներով: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ չկարողանալով կանգնած մնալ՝ Մհերը ընկել է պատուհանի վրա, այն ջարդվել է և վնասվածքներ պատճառել նրան: Փաստաբանի խոսքով՝ քննիչը հերքում է, որ Մհերին խոշտանգել են. նա ասում է, թե Մհերը փորձել է փախնել և ընկել է ապակու վրա:  Պաշտպանական կողմի կարծիքով՝ հետագայում սխալներով է կազմվել նաև դատաբժշկական փորձաքննությունը: