Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈ. «Վերջ ռեժիմին» խմբի ակտիվիստները շրջել են երևանյան բուհերով

ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈ. «Վերջ ռեժիմին» խմբի ակտիվիստները շրջել են երևանյան բուհերով

«Ռեժիմը խլում է մեր երիտասարդությունը, ո՞վ պետք է կանխի դա, եթե ոչ մենք»` այսպիսի բավանդակությամբ պաստառներով՝  Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի բակում «Վերջ ռեժիմին» քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները սկսել են իրենց բողոքի ակցիան: Պաստառները ձեռքներին՝ նրանք  կանգնել են կենտրոնական մասնաշենքի մուտքի դիմաց, այնուհետև երթով անցել  համալսարանի տարածքով՝ բարձրախոսով հիշեցնեով, որ ուսանողները մենակ չեն իրենց պայքարի մեջ ու կարող են միանալ իրենց իսկ իրավունքների համար պայքարին:

Еprees.am-ի թղթակցի հետ զրույցում ակտիվիստները նշել են, որ ակցիայի նպատակն է փորձել արթնացնել հայ երիտասարդությանը, ու կարևոր չէ՝ երիտասարդները կմիանան, թե պարզապես կտեսնեն ու կհասկանան:

«Ընտրությունից-ընտրություն իշխանությունները մշտապես ներգրավում են ուսանողներին իրենց տարատեսակ գործարքների մեջ, և պարզ է, որ այդ ներգրավվածությունը լինում է ստիպողաբար, կամ ուսանողների կախյալ վիճակներից ելնելով: Դա մշտապես Հայաստանում ձևավորված ավանդույթ է, ու այդ ուսանողները, որոնք փորձում են ընդվզել այդ ապօրինությունների դեմ, մշտապես ենթարկվում են տարատեսակ հալածանքների» ,- ասել է ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը:

Ակցիայի մեկնարկից րոպեներ անց մասնակիցներին է մոտեցել ԵՊՀ ռեկտորի օգնական, ՀՀԿ-ական  Գևորգ Մելքոնյանը և հորդորել ակցիան շարունակել այլ վայրում:

Ակտիվիստները հարց են ուղղել Մելքոնյանին՝ արդյո՞ք ինքը համամիտ է պաստառներին առկա գրությունների հետ, ինչին ի պատասխան Մելքոնյանը խոստովանել է, թե ինքը չի հասկանում ակցիայի նպատակը:

«Այս ամենը փոխկապակցված է ընտրությունների թոհուբոհի հետ ու բուհերում ակցիաներ անելով՝ ասեմ, որ կրակի վրա յուղ եք լցնում», – ասել է ռեկտորի օգնականը, ինչին ի պատասխան ակցիայի մասնակիցները հիշեցրել են, որ նմանատիպ ակցիաներ հաճախակի են արվում:

Համալսարանի տարածքով անցնելիս ակտիվիստները հայտարարել են, որ բոլոր ժամանակների շարժիչ ուժը երիտասարդությունն է, ու եթե երիտասարդությունը մեռած է, ապա այդ պետությունը ապագա չունի:

Երթի մասնակիցները մի պահ կանգ են առել ԵՊՀ-ի իրավաբանական ու ռոմանո-գերմանական  ֆակուլտետների բակում ու կոչ արել միասին պայքարել ռեժիմի դեմ:

Խմբված ուսանողներից ոչ ոք չի մոտեցել ակցիայի մասնակիցներին. նրանցից շատերը ակցիային հետևել են շենքի ներսից՝ փակ պատուհանների ետևում կանգնած:

Ոստիկանների ուղեկցությամբ՝ ակտիվիստները շարժվել են դեպի Տնտեսագիտական համալսարան, ապա Բժշկական համալսարան, այնուհետ Աբովյան փողոցով բարձրացել դեպի ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի մասնաշենք:

Տարածքի անվտանգության աշխատակիցները, տեսնելով երթի մասնակիցներին, փակել են ճանապարհն ու արգելել մտնել տարածք:

«Մեր ներքին կանոնադրությամբ արգելվում է մտնել այս տարածք, ձեր ակցիան շարունակեք այլ վայրում», – ակտիվիստներին ասել է անվտանգության աշխատակիցը:

Ակտիվիստները պահանջել են ցույց տալ համապատասխան փաստաթուղթը, որն արգելում է մտնել մասնաշենքի բակ:

«Մենք պարտավոր չենք ենթարկվել ապօրինի պահանջների ու խնդրում ենք թույլ տալ անցնել մասնաճյուղի բակ», – հայտարարել է ակտիվիստ Հարությունը:

Փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը ակցիայի մասնակիցներին հորդորել է փոքր-ինչ քննել հավաքների ազատության մասին օրենքը ու զգուշացրել, որ միգուցե այդ տարածքը պայմանագրային հիմունքներով պատկանում է  որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի, ապա միայն գրավոր թույլտվությամբ մուտք գործել այս տարածք:

«Մենք հոգնել ենք ձեր դեմագոգիայից, բացեք մեր ճանապարհը ու մի խոչընդոտեք մեր ակցիան, դուք իրավունք չունեք մեր երկրում արգելել մեզ տեղաշարժվել», -դիմելով Մովսիսյանին՝ ասել է Կիվիրյանը:

Տարածքի մուտքը հսկող ոստիկաններին ակցիայի մասնակիցները հիշեցրել են, որ իրենք անօրինական ոչինչ չեն անում, ու խնդրել են բացել իրենց ճանապարհը:

«Սպասեք, մինչև համապատասխան փաստաթուղթը համալսարանից կներկայացնեն, 5-10 րոպե անց պարզ կլինի՝ մտնում եք տարածք, թե ոչ», – ասել է փոխգնդապետը, ինչը ավելի է բորբոքել բողոքողների զայրույթը:

Որոշ ժամանակ անց, երբ պարզվել է, որ տարածք մուտք գործելու համար արգելող փաստաթուղթ, այնուամենայնիվ, չկա, ոստիկանները բացել են ճանապարհը և ակտիվիստները մտել են մասնաշենքի տարածք:

Նշենք, որ բանասիրական ֆակուլտետի բակից նախաձեռնության անդամները  երթով գնացել են  Ագրարային համալսարան,  ապա ակցիան շարունակել  ու ավարտել են Ճարտարագիտական համալսարանի բակում: