Home / Հայաստան / Հայրիկյանին հիվանդանոց են տեղափոխում. ցավերը նյարդային հողի վրա են

Հայրիկյանին հիվանդանոց են տեղափոխում. ցավերը նյարդային հողի վրա են

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը վատացել է, նրան այս պահին տեղափոխում են հիվանդանոց: Այս մասին Epress.am-ի զրույցում ասել է ԱԻՄ առաջնորդի օգնական և ընկեր Վրեժ Զատիկյանը:

Նրա խոսքով՝ վերջին մի քանի օրերին Հայրիկյանի վիճակն անկայուն է եղել, բայց ավելի սրվել է երեկվանից:

«Երեկ առաջին անգամ անզգայացուցիչների բարձր չափաբաժինը ներարկելուց հետո ահռելի ցավերը չդադարեցին, այնինչ մինչ այդ ներարկումները օգնում էին նրան դուրս գալ այդ տառապյալ վիճակից», -ասել է Զատիկյանը:

Զատիկյանը նաև ասել է, որ ցավերը ոչ միայն վերքի շրջանում են, այլև ամբողջ թևի, ինչի հետևանքով չեն շարժվում ձեռքի մատները:

«Ցավերը ավելի շատ նյարդային ֆոնի վրա են: Բժիշկները իրեն ընդհանրապես արգելել էին դուրս գալ ու հիմա նորից վերադառնում ենք հիվանդանոց», – ասել է մեր զրուցակիցը: Նշենք, որ Պարույր Հայրիկյանն այսօր ժամը 11:00-ին հանդես է եկել մամուլի ասուլիսով:

Թեկնածուի օգնականը նշել է, որ Հայրիկյանը բուժումը շարունակելու է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Հիշեցնենք, որ նախագահի թեկնածուին այնտեղ էին տեղափոխել հունվարի 31-ին նրա վրա կատարված մահափորձից հետո: Հայրիկյանը հրազենային վնասվածք էր ստացել կրծքավանդակի աջ կողմում: