Home / Հայաստան / Նախարարը պնդում է, որ «Կարֆուր»-ի մուտքը հետաձգվել է «բիզնեսի խնդիրների» պատճառով

Նախարարը պնդում է, որ «Կարֆուր»-ի մուտքը հետաձգվել է «բիզնեսի խնդիրների» պատճառով

ՀՀ կառավարությունը չափազանց շահագրգռված էք, որ «Կարֆուր»-ի նման հեղինակավոր ընկերությունը ներկայացված լինի Հայաստանում: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ նման կարծիք էր հայտնել նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ խոսելով «Կարֆուր» սուպերմարկետների ցանցի՝ Հայաստան մուտք գործելու մասին:

«Մենք հիմա փորձում ենք հնարավոր ձևաչափեր գտնել, որպեսզի «Կարֆուր»-ը և ընդհանրապես ցանկացած օտարերկրյա հեղինակավոր ընկերություն ավելի լայն և ավելի արագ ներգրավվեն Հայաստանում: Եվ դա վերաբերում է ոչ միայն «Կարֆուր»-ին, այլև բոլոր անդրազգային ընկերություններին»,- ասել է նախարարը:

Տիգրան Դավթյանը «Կարֆուր»-ի Հայաստանում ներկայացված լինելու խնդիր չի տեսնում՝ ընդգծելով, որ խնդիրը սուբյեկտների միջև պայմանների ճշգրտման մեջ է:

«Քանի որ սա խոշոր դեպք է, այդ պատճառով էլ մեր ուշադրւթյան կենտրոնում է», – նշել է նախարաը: Նշենք, որ «Կարֆուր» ցանցի առաջին սուպերմարկետը պետք է բացվեր «Դալմա Գարդեն Մոլ»-ում: Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, սուպերմարկետի մուտքը Հայաստան խոչընդոտել են օլիգարխները, քանի որ ցանցը զբաղվում է նաև սեփական ապրանքների ներկրմամբ:

Լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք «Կարֆուր»-ը օբյեկտիվ պատճառներից ելնելով չի կարողանում ներկայացված լինել Հայաստանում, նախարարը հարցին պատասխանել է հարցով.

«Եթե բիզնեսը խնդիրներ է ունենում և չի կարողանում ընդհանուր հայտարարի գալ՝ դա օբյեկտի՞վ է, թե սուբյեկտի՞վ»: Լրագրողները, իրենց հերթին, ասել են, որ եթե որևէ խմբավորում խոչընդոտել է ցանցի մուտքը Հայաստան՝ արդյոք դա օբյեկտի՞վ է, թե սուբյեկտի՞վ:

«Դա վերաբերում է  երկու ընկերությունների միջև հուշագրի պայմանների և պայմանների ընդհանուր հայտարարի գալուն: Բացի դրանից, «Կարֆուր»-ն իր համար նաև շուկան է հետազոտում, նաև նայում է իր հնարավորությունները, այն է՝  մի շարք տարբերակներ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը զգալի տարածք է: Ինչևիցե, սա բիզնեսի խնդիր է և մենք էլ ենք շահագրգռված, որ «Կարֆուր»-ը ներկայացված լինի»,- ասել է Տիգրան Դավթյանը: