Home / Տեսանյութեր / Վարդան Սեդրակյանը գիտի՝ ով է կազմակերպել Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը

Վարդան Սեդրակյանը գիտի՝ ով է կազմակերպել Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը

ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն այսօր հայտարարել է, որ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը կազմակերպվել և իրականացվել է Արևմտյան Եվրոպայում և Միացյալ Նահանգներում գործող մասոնական մի կազմակերպության կողմից, որին նաև «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է անդամակցում:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ թեկնածուն ասել է, որ նման հայտարարություն անելու համար բավարար հիմքեր ունի:

Կազմակերպիչների նպատակը, Սեդրակյանի կարծիքով, մեկն էր, իր նման ազգային, գաղափարական գործչին խաղից դուրս հանելը, որից հետո Հայաստանի արտաքին քաղաքականությունը խիստ ամերիկյան կողմնորոշում կունենար:

«Լուծվում էր երկու հարց` նախ խափանվում էր նախագահի ընտրությունների քարոզարշավի ամբողջ իմաստը, ֆիզիկապես ոչնչացվում էր Պարույր Հայրիկյանը և դրա հետ մեկտեղ ընտրապայքարից դուրս էր մղվում միակ թեկնածուն, որը առաջնորդվում էր ազգայնական գաղափարներով», – հայտարարել է Սեդրակյանը:

Թեկնածուն համոզված է, որ կատարողներին էլ հատուկ իր շրջապատից են ընտրել` կասկածներն իր անվան հետ կապելու համար:

Սեդրակյանը նաև վստահություն է հայտնել, որ Պարույր Հայրիկյանը իմացել է իր դեմ կազմակերպվող մահափորձի մասին, իսկ ահա Րաֆֆի Հովհաննիսյանը գուցե անտեղյակ է եղել դրանից:

«Րաֆֆի Հովհաննիսյանը, միգուցե, չգիտեր, բայց այն ուժերը, որ իրեն սատարում են, ֆինանսավորում են և այլն, դա հաստատ իրենց գործն է», – ասել է Սեդրակյանը:

Սեդրակյանի հայտարարությանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է «Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը:

Ըստ նրա՝ եթե Վարդան Սեդրակյանին անհապաղ չկանչել հարցաքննության, ապա նա Բաղրամյան 26-ի հաճախորդն էլ է ու գործում է ցուցումով: