Home / Տեսանյութեր / ՀՀ նախագահի թեկնածուներից միայն երկուսն են արձագանքել բանակի խնդիրների մասին հարցերին

ՀՀ նախագահի թեկնածուներից միայն երկուսն են արձագանքել բանակի խնդիրների մասին հարցերին

Փետրվարի 1-ին «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության կողմից հայկական բանակի խնդիրների լուծմանն ուղղված հարցաշար էր ուղարկվել ՀՀ նախագահի բոլոր ութ թեկնածուներին: Ընտրություններից երեք օր առաջ, ամփոփելով արդյունքները, նախաձեռնությունը հայտարարում է, որ հարցմանն արձագանքել են թեկնածուներից միայն երկուսը` Հրանտ Բագրատյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Բագրատյանը պատասխանել է հարցաշարի բոլոր հարցերին և պահպանել է նախանշված ֆորմատը, իսկ Հովհաննիսյանն ուղարկել է իր նախընտրական ծրագրի համապատասխան հատվածներն ու հղում է կատարել քարոզչական նյութերին:

«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունն ափսոսանք է հայտնում այն կապակցությամբ, որ ՀՀ նախագահի և գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնին հավակնող մյուս վեց թեկնածուները անտեսել են հարցումը և կարևոր չեն համարել հայկական բանակի առջև ծառացած խնդիրների լուծման իրենց տեսլականը ներկայացնել հանրությանը: Այս մասին ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ: