Home / Հայաստան / Որդին ստուգեց՝ ում համար է քվեարկել մայրը. հանձնաժողովի քարտուղարը բոլորին ճանաչում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Որդին ստուգեց՝ ում համար է քվեարկել մայրը. հանձնաժողովի քարտուղարը բոլորին ճանաչում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի Ավան համայնքի թիվ 51 մանկապարտեզում տեղակայված 1/4 ընտրատեղամասում այսօր վիճաբանություն է տեղի ունեցել հանձնաժողովի անդամի և քարտուղարի միջև, հաղորդում է Epress.am-ի թղթակիցը:

Վերոնշյալ մանկապարտեզի տնօրեն, հանձնաժողովի քարտուղար Հրանուշ Խաչատրյանն ընտրության եկած մորը և որդուն թույլ է տվել միասին մտնել քվեախցիկ՝ պատճառաբանելով, թե կինը հիվանդ է ու ճիշտ կլինի, որ քվեաթերթիկին նշում կատարելուց որդին օգնի մորը:

Հանձնաժողովի անդամ Վահագն Գևորգյանը փորձել է առարկել՝ հիշեցնելով, որ օրենքն արգելում է զույգով քվեարկել, ինչն էլ բորբոքել է Խաչատրյանի զայրույթը:

Հրանուշ Խաչատրյանը՝ աջից

«Տեսողությունը լավ չի, ինչ կա ըտե, ստեղ հո ուրիշ բան չկա», – ասել է Խաչատրյանը: Այնուհետև, նա հարցրել է քվեախցից դուրս եկած կնոջը՝  «դու մենակ ընտրեցի՞ր»: Նկատելով, որ կինը քվեաթերթիկը ծրարի մեջ չի դրել, Խաչատրյանը շարունակել է. «Հլը դու չես բան արել, գնա մի հատ դիր մեջը, նայի, ծալի դիր մեջը, դե դրա համար ասա տղուդ՝ արի ինձ օգնի: Ավելորդ, ստից բաներ եք առաջացնում, ես իրանց ճանաչում եմ», -ասել է քարտուղարը, ինչից հետո հետո որդին վերցրել է մոր՝ արդեն քվեարկած քվեաթերթիկը, մտել քվեախուց, բացել է այն, նայել, ապա դրել ծրարի մեջ ու մոր փոխարեն գցել քվեատուփը:

Մոր և որդու հեռանալուց հետո  Խաչատրյանը շարունակել է «բացատրական աշխատանք» տանել օրենքը հիշեցրած Վահագն Գևորգյանի հետ:

«Ասա՝ եթե ուզում եք, մտեք, օգնեք, ընենց ես վրա տալիս, որ մարդիկ իրադարձություն են ստեղծում», – ասել է մանկապարտեզի տնօրենը:

Epress.am-ի թղթակիցը ընտրատեղամասում գտնվելու ընթացքում նկատել է, որ Խաչատրյանը գրեթե բոլոր ընտրողներին դիմում է անունով, զրույցի է բռնվում նրանց հետ՝ նշելով, որ ինքը բոլորին լավ է ճանաչում: Ի դեպ, մոր հետ տեղամաս այցելած երիտասարդին էլ Խաչատրյանը դիմում էր «Լևոն, ջան»: