Home / Տեսանյութեր / Մաշտոցի պուրակում հավաք են կազմակերպում՝ նոր որակի պետություն ստեղծելու նպատակով

Մաշտոցի պուրակում հավաք են կազմակերպում՝ նոր որակի պետություն ստեղծելու նպատակով

«Նախախորհրդարան» քաղաքական կազմակերպությունը վաղը` ժամը 18:00-ին, քաղաքացիներին հրավիրում է Մաշտոցի պուրակ՝ Հայաստանում նոր որակի պետություն ստեղծելու նպատակով ինքնակազմակերպման հավաք անցակցնելու համար:

Հավաքի ընթացքում կազմակերպիչները նախատեսում են ներկայացնել այլընտրանքային ընտրությունների միջոցով նոր որակի պետության Հիմնադիր խորհրդարանի կազմավորման վերաբերյալ մոտեցումները, քննարկել քաղաքացիական նախաձեռնությունների հեռանկարը նոր որակի պետության ստեղծման գործընթացի համատեքստում, սկսել Հիմնադիր խորհրդարանի այլընտրանքային ընտրությունների մասնակիցների ցուցակագրումը, պատասխանել քաղաքացիներին հետաքրքրող հարցերին:

Նշենք, որ «Նախախորհրդարան» միավորման մեջ են մտնում մի շարք հասարակական և քաղաքական գործիչներ, ինչպես, օրինակ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը, ՀՀ առաջին օմբուդսմեն, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը, սիստեմային վերլուծաբան Գարեգին Չուգասզյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: