Home / Տեսանյութեր / Ոստիկանությունն ընտրությունների հետ կապված 96 դեպք է քննում

Ոստիկանությունն ընտրությունների հետ կապված 96 դեպք է քննում

Երեկ՝ ՀՀ նախագահի ընտրությունների օրը, ոստիկանությունը ստացել է 23 հաղորդում՝ կապված  ընտրացուցակների հետ, սակայն, համաձայն ՀՀ նախագահական ընտրությունների վերհսկման Ոստիկանության օպերատիվ շտաբի պետ Վարդան Եղիազարյանի, միայն մեկ դեպք է համապատասխանել իրականությանը, որը գրանցվել է Կոտայքի մարզում:

Եղիազարյանը տեղեկացրել է, որ այս պահին 96 դեպք քննության փուլում է, որոնցից 63-ը վերաբերում է ընտրակաշառքներին, 16-ը՝ նախընտրական քարոզչության խոչընդոտմանը, 12-ը՝ ընտրողների ազատ կամքի արտահայտմանը, 1-ը՝ զրպարտչական տեղեկատվության տարածմանը, 3-ը՝ ընտրությունների արդյունքների կեղծմանը և 1-ն էլ ընտրության օրը քարոզչություն իրականացնելուն:

Դիմումներ են ստացվել նաև նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանից, Րաֆֆի Հովհաննիսյանից,  Արման Մելիքյանից, Արամ Հարությունյանից, Անդրիաս Ղուկասյանից և Պարույր Հայրիկյանից:

ՀՀ Ոստիկանության իրավաբանական վարչության պետ Թաթուլ Պետրոսյանը նշել է, որ երեկ իրենք ստացել են 104 ահազանգ և Երևանից, և ՀՀ մարզերից, որոնցից 37-ը վերաբերել է ընտրակաշառք վերցնելուն, ինչպես նաև հարուցվել է երկու քրեական գործ կրկնակի քվերակություն կատարելու փաստի առթիվ:

Թաթուլ Պետրոսյանն ասել է, որ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու չորս դեպք է արձանագրվել: Դեպքերից մեկը տեղի է ունեցել Էրեբունիում՝ լրագրողներ Մարինե Խառատյանի և Գայանե Սարիբեկյանի հետ կապված, մեկը՝ Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում՝ «Առավոտ» օրաթեթրի լրագրողի հետ, և մեկն էլ Արտաշատում՝ «Իրավունք»  թերթի լրագրող Էլվինա Մարտիրոսյանի հետ:

Պետրոսյանը նշել է, որ դրանք բոլորն «առերևույթ դեպքեր են», որոնց իրենք արձագանքել են և ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները:

ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը տեղեկացրել է, որ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներից ստացված տեղեկությունները խախտումների վերաբերյալ շատ հաճախ փաստավորված չեն եղել, երբ իրենք փորձել են պարզել տեղեկատվության իսկությունը: