Home / Հայաստան / «Մարդկանց քանակը պետք է կրկնապատկվի». մարդիկ պատրաստ են շարունակել հանրահավաքները

«Մարդկանց քանակը պետք է կրկնապատկվի». մարդիկ պատրաստ են շարունակել հանրահավաքները

Ազատության հրապարակում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքին եկած քաղաքացիները համոզված են, որ «Ժառանգության» ղեկավարը չի նահանջի: Թոշակառու տիկին Ֆլոռայի կարծիքով՝ նման բան հնարավոր չէ:

«Նա ազնիվ մարդ է: Սա [Սերժ Սարգսյանը] նույնիսկ 20 տոկոս չի հավաքի, նորից ա եկել, նստել: Ո՞նց եկավ նստեց: Ի՞նչ տեսանք իրանից: Ո՛չ մարդս ա աշխատում, ոչ էրէխեքս: 20 հազար դրամ թոշակ եմ ստանում, լույսի փող տա՞մ, ջրի՞, ո՞նց անեմ: Ես էլ եմ ուզում նորմալ հագնվեմ, նորմալ ապրեմ: Դու էլ ես, չէ՞, ուզում, աղջիկ ջան», – դիմելով Еpress.am-ի թղթակցին՝ ասել է թոշակառուն:

Ֆլոռան պատմել է, որ «ծպտյալ լևոնական է» եղել, և այսօր հույս է հայտնել, որ «Ժառանգությանը» կմիանան նաև այլ ուժեր:

Հրապարակում տեղադրված նստարաններին էին նստած թեկնածու Ռաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձինք: Հարցին, արդյո՞ք պատրաստ են նրանք շարունակել պայքարը և հանրահավաքների շարքը, 50-55 տարեկան կանայք պատասխանեցին. «Անպայման, ու Րաֆֆին հետ կանգնողը չի»:

«Հեսա, ես եմ, էս իմ ընկերուհին էլ, վստահված անձ ենք եղել, տենայիք՝ մեր ընտրատեղամասերում Րաֆֆի Հովհաննիսյանը ոնց էր հաղթել: 100-200 ձայն ավել էր հավաքել, գրեք, թող իմանան, ինչեր են դրանք արել», – պատմել է տիկին Ժենյան:

Հայ Ազգային Կոնգրեսի նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ «Ժառանգության» առաջնորդը վճռական է տրամադրված, բայց նույնքան վճռականություն է անհրաժեշտ ժողովրդից, որպեսզի վարչակազմի դեմ պայքարը հաջողության հասնի:

«Մարդկանց քանակն, առնվազն, պետք է կրկնապատկվի», – ասել է Ռուբինյանը:

Հրապարակ են եկել նաև «Դաշնակցության» որոշ կողմնակիցները, որոնք ասել են, որ, հնարավոր է, թե կուսակցությունը որոշի և արդեն վաղը մասնակցի հանրահավաքին:

Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն հայտարարել է, որ իր կողմնակիցների հետ մնալու է Ազատության հրապարակում և սպասելու մինչ վաղը Սերժ Սարգսյանը կգա հրապարակ և կընդունի ժողովրդի հաղթանակը: