Home / Տեսանյութեր / ԳԱԼԱ-ի սեփականատերը հրաժարվեց հանդիպել միջազգային դիտորդների հետ

ԳԱԼԱ-ի սեփականատերը հրաժարվեց հանդիպել միջազգային դիտորդների հետ

Ի գիտություն ընդունելով այն փաստը, որ ՀՀ նախագահական ընտրությունների հաջորդ օրը, ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի  նախնական զեկույցում փետրվարի 18-ի ընտրությունները որակվեցին մեկ քայլ առաջ,  «ԳԱԼԱ» հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանն այսօր հրաժարվեց  ընդունել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ առաքելություն իրականացնող դիտորդներին: Դիտորդներն, ովքեր նախընտրական շրջանում և ընտրությունների օրն աշխատել են Շիրակի մարզում և այդ ընթացքում մի քանի անգամ այցելել են «ԳԱԼԱ» հեռուստաընկերություն՝  նաև փետրվարի 18-ի գիշերը, երբ հարձակման թիրախում էր «ԳԱԼԱ»-ի պաշտոնական կայքէջը,  ցանկանում էին ՀՀ-ից մեկնելուց առաջ, կրկին հանդիպել «ԳԱԼԱ»-ի սեփականատիրոջ հետ: Սակայն Վահան Խաչատրյանն այս անգամ մերժեց հանդիպելու նրանց խնդրանքը:

«Այն բանից հետո, երբ նրանք նախնական զեկույց հրապարակեցին՝ «ընտրությունները» որակելով մեկ քայլ առաջ, ես որոշեցի այլևս ժամանակ չտրամադրել այդ պատվիրակությանը: Ես գիտեի, որ նման բովանդակությամբ զեկույց են հրապարակելու և նախապես, մեր հանդիպումներից մեկի ժամանակ, նրանց ևս ասել եմ այդ մասին:  Ընտրախախտումների մասին հեռուստաընկերության և կայքէջի լուսաբանումներից հետո, երբ դիտորդները եկել էին ծանոթանալու «ԳԱԼԱ»-ի աշխատանքին, ես նրանց ասել եմ, որ մեր ներքին խնդիրները մենք ենք կարգավորելու և ես առանձնապես իրենց հետ հույսեր չեմ կապում: Առաջարկել եմ նաև զեկույցի իրենց վերջնական տեքստը հենց մեր այդ հանդիպման ժամանակ գրել, քանի որ նախապես տեղյակ էի, թե  վերջում պաշտոնական ինչ հայտարարություն են հնչեցնելու: Նախապես արդեն գիտեի, որ ամեն ինչ տեսնելու և լսելու են, իսկ վերջում հայտարարելու են,  որ ընտրական այս գործընթացը մեկ քայլ առաջ էր: Բայց մեր առաջին հանդիպման ժամանակ նրանք այլ բան էին վստահեցնում, թե իբր ճշգրիտ  և օբյեկտիվ ինֆորմացիա են տալու իրենց ղեկավարությանը»,-ասաց «ԳԱԼԱ»-ի սեփականատեր Վահան Խաչատրյանը:  Նրա խոսքերով՝ Շիրակի մարզում աշխատող դիտորդները տեղյակ են եղել Գյումրիում նախընտրական շրջանում և ընտրությունների օրը գրանցված բոլոր խախտումներից: «ԳԱԼԱ»-ում նրանք  նաև ծանոթացել են  մի շարք փաստերի ու ապացույցների  հետ /տեսանյութերի և ձայնագրությունների տեսքով/, որոնք անգամ հասանելի  չեն եղել ոստիկանությանը:

«Հիացած էին, զարմանում էին, թե ինչպիսի երիտասարդ  եռանդուն աշխատակազմ ունենք, նշում էին, որ այդպիսի համարձակ, անշահախնդիր աշխատանք չեն տեսել, և որևէ հեռուստաընկերություն  չի համարձակվում նման տեսանյութեր  ցուցադրել»:

Ընտրություններից առաջ և բուն օրը մի քանի անգամ նրանք այցելել են հեռուստաընկերության գրասենյակ և անհամեմատ ավելի շատ տեղեկություններ ունեին, քան հրապարակվել է: Անգամ, երբ «ԳԱԼԱ»-ի պաշտոնական կայքէջը  հարձակման էր ենթարկվել, նրանք այցելեցին մեր գրասենյակ:  Եվ այսքանից հետո, երբ պարզ դարձավ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի դիտորդների նախնական զեկույցի բովանդակությունը, նրանց հետ հանդիպելու ցանկություն, բնականաբար,  այլևս չունեի», – եզրափակեց Վահան Խաչատրյանը:

Լուսանկարը՝ 168 ժամ-ի