Home / Հայաստան / «Հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը». Լևոն Տեր-Պետրոսյանը կմիանա, եթե իր կարիքը լինի

«Հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը». Լևոն Տեր-Պետրոսյանը կմիանա, եթե իր կարիքը լինի

Այսօր Հայաստանում լուրջ իրադարձություններ են տեղի ունենում, սակայն առայժմ կա միայն ժողովրդի գործը: Այս մասին այսօր ՀՀՇ համագումարին հայտարարել է ՀԱԿ դաշինքի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Ժողովուրդն ընդվզել է, ինչպես առաջ էր ոտքի կանգնում, սակայն շարժումը ղեկավարածի գործն առայժմ չեն տեսնում: Ինձ համար միանշանակ է, որ Սերժ Սարգսյանը չի հաղթել, հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, բոլոր ձայները Սերժ Սարգսյանը ստացել է ընտրակեղծիքների, ընտրախախտումների, վարչական ռեսուրսների և քրեական տարրերի կիրառմամբ, և հիմա, ինչպես նախորդ, այդպես էլ գալիք 5 տարևիներին լինելու է ոչ օրինական նախագահ», – ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ միջազգային առաքելությունն «օրհնել է Սերժին» ու նրան վերցրել իր հովանու տակ:

Արևմուտքի համար Սարգսյանը հրաշալի նախագահ է, քանի որ, ՀԱԿ առաջնորդի խոսքով, ցեղասպանեց Ցեղասպանության ճանաչման հարցը:

«Այսքանից հետո Արևմուտքն ինչո՞ւ պետք է նախընտրեր ինձ կամ Րաֆֆի Հովհաննիսյանին», – ասել է Տեր-Պետրոսյանը:

«Ժողովուրդն իր գործն արեց, բայց այսօրվա զանգվածի ղեկավարի գործը չեմ տեսնում: Երբ ես էի մինչև Մարտի 1-ը հանրահավաքներ անում, ես ունեի հստակ ծրագիր, ես ստեղծեցի պայքարի մշտական օջախ, այլ ոչ թե գալ ու գնալ: Գիտեի, որ ոչ Սահմանադրական դատարանն է վերանայելու արդյունքները, ոչ էլ Արևուտքը, բայց մեր ծրագիրը պետական մեքենայի ճաքելն էր, և ևս 20 օր՝ ու պետական մեքենան փլուզվելու էր: Հենց այս պատճառով արեցին Մարտի 1-ի արյունահեղությունը», – ասել է Տեր-Պետրոսյանը:

«Ես որևէ խորհուրդ չեմ կարող տալ ընդդիմադիրներին, սակայն եթե իմանամ, որ կա մեր կարիքը, մենք միշտ կլինենք ժողովրդի կողքին՝ Հրապարակում: Այսօր էլ այդ հրապարակում կեսից ավելին Կոնգրեսի ժողովուրդն է», – եզրափակել է նա: