Home / Հայաստան / Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետը հրաժարական է տալիս, գրել է Աշոտյանը

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետը հրաժարական է տալիս, գրել է Աշոտյանը

«Իշխանությունների դեմքը սկսվել է փոխվել…», – ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ-ական պատգամավոր, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և նշել, որ իրեն հասած տեղեկություններով՝ «ՀՀ Նախագահին վրդովվեցրել է Վանաձորի քաղաքապետի վերջին հարցազրույցը»:

«Վանաձորի քաղաքապետը հրաժարական է տալիս…», – գրել է Աշոտյանը:

Հիշեցնենք, որ, պարզաբանելով հանրապետության երրորդ քաղաքում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի պարտությունը (Վանաձորում նախագահական ընտրութուններում հաղթանակ է տարել Րաֆֆի Հովհաննիսյանը – խմբ.)՝ ՀՀԿ-ական քաղաքապետ Սամվել Դարբինյանն ասել էր. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը ինքը չի հասկանում` ինչ է անում»:

Արձագանքելով քաղաքապետի հայտարարությանը՝ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի նախագահ Էդգար Խաչատրյանն իր և Վանաձորի բազմաթիվ բնակիչների անունից բաց նամակ էր հղել Վանաձորի քաղապետին՝ պահանջելով քաղաքացիներից ներողություն խնդրել:

«Հանդիսանալով, ՀՀ քաղաքացի, Վանաձոր քաղաքաի բնակիչ, կոչ եմ անում ձեզ, հրապարակային ներողություն հայցելու ձեր և իմ համաքաղաքացիներից, չմոռանալով, որ ոչ այդքան վաղ անցյալում հենց այդ նույն ձեր խոսքերով ասած «անգիտակից» ժողովուրդը իր վստահության քվեն էր տվել հենց ձեզ, «Տեղական Ինքնակառավարման» ընտրությունների ժամանակ, որտեղ, ի դեպ, դուք ավելի մեծ զանգվածի վստահության էիք արժանացել, քան այժմ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը», – մասնավորապես, նշված է բաց նամակում:

Երեկ Վանաձորում Դարբինյանի դեմ բողոքի ակցիա է անցկացվել:

Լուսանկարը՝ Լուսանկարը՝ lorinews.com-ի