Home / Հայաստան / Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է սկսի Նոր կառավարություն ձևավորել. Նիկոլ Փաշինյան

Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է սկսի Նոր կառավարություն ձևավորել. Նիկոլ Փաշինյան

Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է սկսի Նոր կառավարություն ձևավորել, որը պետք է ճանաչվի ՀՀ-ում լեգիտիմ գործադիր իշխանության միակ մարմին: Այս մասին այսօր իր կայքում (nikolpashinyan.com) գրել է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ.

Արդեն նշել եմ, որ նախագահական ընտրությունների՝ փետրվարի 18-ի քվեարկությունից հետո Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ է ստեղծվել եւ նկարագրել, թե ինչում է այդ իրավիճակի առանձնահատկությունը: Վերջին մի քանի օրերին, սակայն, իրավիճակը նոր փոփոխություններ էլ է կրել: Ինչո՞վ է պայմանավորված այդ փոփոխությունը:

Առաջինը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրությանը ուղերձ հղեց, որ մտադիր է հետեւողականորեն պաշտպանել ժողովրդի կողմից իրեն տրված վստահության քվեն: Ու չնայած այսօրվա հանրահավաքի յուրահատուկ լինելուն, այդ ուղերձը անվավեր ճանաչելու ոչ մի հիմք չկա:

Երկրորդը՝ Աշտարակը, Վանաձորը, Գյումրին, Սպիտակը վերահաստատեցին Հովհաննիսյանին տված իրենց վստահության քվեն, փետրվարի 23-ին նրան ընդունելով որպես ընտրյալ նախագահի: Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Րաֆֆի Հովհաննիսյանը, որպես ընտրյալ քաղաքական լիդեր, բոլոր հիմքերն ունեն Հայաստանում իշխանափոխության գործընթաց սկսելու համար:

Ի՞նչ է պետք անել սրա համար: Կարծում եմ, Րաֆֆի Հովհաննիսյանը չպետք է ձեռնարկի այնպիսի գործողություններ, որոնք դե յուրե հատուկ են միայն նախագահի պարտված թեկնածուներին: Եւ ընդհակառակը, պիտի ձեռնարկի միայն ու միայն այնպիսի գործողություններ, որոնք հատուկ են հաղթած թեկնածուին, այսինքն՝ նորընտիր նախագահին: Այսպես ասելով՝ նկատի ունեմ նոր իշխանության, կամ եթե կուզեք՝ Նոր կառավարության ձեւավորումը: ՀՀ օրենսդրության համաձայն Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահի պաշտոնը պետք է ստանձնի ապրիլի 9-ին: Մինչ այդ ուրեմն, նրա հիմնական անելիքը մնում է Նոր կառավարության ձեւավորումը:

Մի նրբերանգ կա, այնուամենայնիվ, որ ուզում եմ ընդգծել. ըստ ամենայնի հասկանալով, որ Նոր կառավարության ձեւավորումը կարող է լինել ընտրություններում հաղթած թեկնածուի՝ իրենց համար ամենավտանգավոր գործը, Սերժ Սարգսյանը փորձեց նախապես վարկաբեկել գործընթացը: Վերջինիս աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հեռուստատեսային եթերից խոսել է ընդդիմադիր ստվերային կառավարության ձեւավորման հնարավորության մասին:
Բայց այս նրբությունը, ավելի ճիշտ տրյուկը չպետք է կաշկանդի Րաֆֆի Հովհաննիսյանին, որովհետեւ իշխանությունը իրեն հայտնի ԿԳԲ-ական մեթոդներով միշտ էլ կարող է նախապես տեղեկանալ ընդդիմության ծրագրերի մասին, կամ վերլուծել իր համար ամենավտանգավոր սցենարները եւ դրանք վարկաբեկելու միջոցներ ձեռնարկել:

Անկախ սրանից, սակայն, արձանագրենք. ցանկացած նորընտիր նախագահի առաջին գործը Նոր կառավարության ձեւավորումն է: Րաֆֆի Հովհաննիսյանն, ըստ այդմ, եթե լրջորեն է հայտարարել նախագահական ընտրություններում իր հաղթած լինելու մասին, պետք է սկսի այդ Նոր կառավարության ձեւավորումը եւ ոչ թե զբաղվի ԿԸՀ հրապարակած թվերի վիճարկմամբ: Այդ թվերը ոչ ոք լուրջ չի ընդունի, եթե ինքը նախագահի հաղթած թեկնածուն լուրջ չընդունի: Իսկ դրանք անլրջացնելու լավագույն ձեւը նոր, լուրջ, ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն ձեւավորելն է:

Հարց է ծագում, ինչպե՞ս: Պրոցեդուրան պետք է լինի ծայրահեղ պարզ: Հովհաննիսյանը պետք է հատ-հատ ընտրի այն մարդկանց, ում հետ համատեղ ցանկանում է կառավարել Հայաստանը, եւ իր նախարարներին պետք է ներկայացնի Ազատության հրապարակի հաստատմանը: Սա կլինի ուղիղ ժողովրդավարության մի գործուն մեխանիզմ: Նախարարները Հովհաննիսյանի ներկայացմամբ Ազատության հրապարակում ժողովրդին կմատուցեն իրենց ծրագրերն ու պատկերացումները այս կամ այն ոլորտի կառավարման մասին, եւ ժողովրդի վստահությանն արժանանալու դեպքում կհամարվեն Նոր կառավարության անդամ, ստանալով կոնկրետ նախարարության ղեկավարի կարգավիճակ:

Խոստովանենք, սակայն, որ սա չափազանց կարեւորագույն եւ բարդ աշխատանք է, որովհետեւ Նոր կառավարության ձեւավորման արդյունքում Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ ժողովրդի վստահությունը պետք է ավելի ուժեղանա եւ ոչ թե թուլանա: Այդ պատճառով Րաֆֆի Հովհաննիսյանը Նոր կառավարության անդամներին պետք է ընտրի առանց ավելորդ շտապողականության եւ նրան պետք է հնարավորություն տալ, որ ոչ թե միանգամից եւ մեկ օրում Ազատության հրապարակին ներկայացնի կառավարության ողջ կազմը, այլ առաջիկա մեկ ամսվա ընթացքում տեղի ունենալիք հանրահավաքների ընթացքում հերթով, կամ խումբ-խումբ ներկայացնի նախարարներին, իհարկե, նաեւ օրենքով նախատեսվածից ավելի երկար չձգձգելով: Նոր կառավարության ձեւավորումն, ըստ այդմ, պետք է լինի առաջիկա հանրահավաքային շարժման հիմնական նպատակներից մեկը:

Ընդգծենք, սակայն, որ Նոր կառավարության կազմի հաստատումը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է Հայաստանում դե յուրե իշխանափախությունն ի կատար ածելու համար: Վերը նկարագրվածից հետո պետք է տեղի ունենա Նոր կառավարության ճանաչումը, որպես ՀՀ-ում լեգիտիմ գործադիր իշխանության միակ մարմին: Նոր կառավարության ճանաչման մասին հայտարարություններով պետք է հանդես գան հայտնի անհատներ, հասարակական կազմակերպություններ, քաղաքական կուսակցություններ, եւ որ ամենակարեւորն է՝ Հայաստանի Հանրապետության համայնքները, այսինքն՝ քաղաքներն ու գյուղերը: Վերջիններս, ի դեպ, դա կարող են անել տեղերում, այսինքն՝ քաղաքաներում եւ գյուղերում հրավիրվելիք համայնքային համաժողովների ընթացքում՝ ժողովրդի ուղիղ, բաց քվեարկությամբ: Այդ համաժողովների ընթացքում բոլոր այն գյուղերում եւ քաղաքաներում, որոնց գործող ղեկավարները աջակցել են ընտրակեղծիքներին, կամ աջակցում են ապօրինի իշխանությանը, պետք է ընտրվեն ստվերային գյուղապետեր եւ քաղաքապետեր, ովքեր հընթացս իրենց ձեռքը կվերցնեն տեղական իշխանությունը՝ Նոր կառավարության աջակցությամբ:

Նոր կառավարության ճանաչման գործընթացը պիտի տեղի ունենա նաեւ Հայաստանի սահմաններից դուրս. ամեն ինչ պետք է անել, որ նման հայտարարություններով հանդես գան Սփյուռքի գաղթօջախների ներկայացուցիչները, ապա եւ՝ միջազգային կազմակերպությունները եւ օտարերկրյա պետությունները, որոնց հետ այս ուղղությամբ բանակցությունները պետք է սկսել անհապաղ:

Ի դեպ, նման պրակտիկա կա, գոյություն ունի երբ Միջազգային հանրությունը որեւէ երկրի ընդդիմության ճանաչում է որպես լեգիտիմ իշխանություն: Նման նախադեպ եղել է, մասնավորապես, Լիբիայում: Բայց եթե այնտեղ դա իրականացվել է արյունալի մարտերց հետո, Հայաստանում կա հնարավորություն դա անել խաղաղ, առանց զենքի, ժողովրդավարական, Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում տեղի ունենալիք պրոցեսների արդյունքում:

Ի դեպ, այս օրերին էլի պտտվում են խոսակցություններ, թե այս իշխանությունները որեւէ զիջման չեն գնա, չեն զիջի իշխանությունը, էլի ու էլի լսում ենք շեշտադրումներ ուժային, նույնիսկ զինված գործողությունների գնալու անհրաժեշտության մասին: Դեռ մի կողմ դնենք այն, թե որքանով է դա համապատասխանում հայ ժողովրդի արժեհամակարգին:

Հարցը հասկանալու համար դիտարկենք Սիրիայի օրինակը, որտեղ ընդդիմությունը վճռականորեն զենքի է դիմել, երկու տարի երկրում ընթանում է քաղաքացիական պատերազմ, երկիրը վերածվել է ավերակների, իսկ իշխանափոխություն տեղի չի ունեցել: Եթե նույնիսկ շատ շուտով տեղի ունենա, երկիրը վեր է ածվել ավերակների:
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է գնա երկրի, ժողովրդի, սեփական պարտությունը բացառող քայլերով եւ անի հաղթանակին ուղղված բացառապես քաղաքական, խաղաղ, ոչ բռնի, առանց զենքի, հայ եւ միջազգային հանրության համար ընկալելի գործողություններ, որովհետեւ նման հնարավորություն իսկապես կա: Ի դեպ, առավելագույն ջանքերն է պետք գործադրել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ ժողովրդի ձեւավորած Նոր կառավարությունը ճանաչած առաջին պետությունը լինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Եւս մեկ նրբերանգ. դժվար չէ կռահել, որ Նոր կառավարության հնարավոր ձեւավորումը արժանանալու է մեծ դիմադրության եւ շահարկումների: Կառավարության անդամները կմեղադրվեն իշխանամոլության, իշխանատենչության մեջ: Բայց այս մեղադրանքի հեղինակները ուղղակի ծառայություն են մատուցելու Սերժ Սարգսյանին: Որպեսզի մարդիկ հավատան իրական իշխանափոխությանը եւ ցանկանան դա, պետք է տեսնեն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ունի թիմ, որ ի վիճակի է կառավարել երկիրը, կառավարելի պահել իրավիճակը երկրում՝ բառիս Սահմանադրական ժողովրդավարական իմաստով: Իսկ նման՝ նոր, երիտասարդ կադրերից ձեւավորված թիմ ստեղծելու պոտենցիալ հենց այսօր կա, գոյություն ունի Ազատության հրապարակում եւ դրանից դուրս:

Քավ լիցի, որեւէ մեկը հանկարծ չմտածի, թե իմ մասին եմ խոսում, մանավանդ որ նախորդ հանրահավքներից մեկում Հովհաննիսյանն այս մասին խոսք գցեց: Սույն հրապարակմամբ պաշտոնապես հայտարարում եմ՝ հրաժարվում եմ որեւէ կարգավիճակից Հովհաննիսյանի Նոր կառավարությունում, եւ ոչ մի պայմանով չեմ համաձայնվի նման կարգավիճակի: Ոչ մի պայմանով, կամ արդարացմամբ, կամ քաղաքական հիմնավորմամբ: Ոչ մի պայմանով չեմ համաձայնվի որեւէ պաշտոնի՝ արդեն Հովհաննիսյանի դե յուրե հաստատված իշխանության կազմում: Բացառում եմ, որ Հովհաննիսյանի «ստվերային» թե իրական իշխանութան մեջ որեւէ կարգավիճակ ունենամ, եթե նույնիսկ ինձ առաջարկեն, ինձնից պահանջեն:

Սա ասում եմ հատուկ, որովհետեւ հասկանում եմ, որ քաղաքական գործիչներից կուշտ մեր ժողովուրդը իրավունք ունի գրածիս մեջ ուրիշ իմաստներ փնտրել: Բայց մի փնտրեք, չկա ուրիշ իմաստ եւ երաշխիքն այս գրավոր խոսքն է:

Ինձ համար լավագույն պաշտոնը կլինի օրինական իշխանություն ունեցող երկրի քաղաքացու կարգավիճակը եւ տեսնում եմ, որ այսօր ունեմ նման կարգավիճակի արժանանալու հնարավորություն: Կա ժողովրդի վստահությունն արժանացած նախագահի թեկնածու, եւ նա թող ժողովրդին ներկայացնի իշխանական իր թիմին: Սա մի քանի ամսվա ընթացքում կարող է լուծել դե յուրե նոր իշխանության հաստատման հարցը: