Home / Հայաստան / Թեժ բանավեճ ԱԺ-ում. խոսնակին հարցրել են՝ ինչու տեսանելի չեն Սերժ Սարգսյանի աջակիցները

Թեժ բանավեճ ԱԺ-ում. խոսնակին հարցրել են՝ ինչու տեսանելի չեն Սերժ Սարգսյանի աջակիցները

Այսօր Ազգային ժողովի քառօրյայի մեկնարկը բուռն է եղել: Քառօրյայի առաջին նիստին չեն ներկայացել ՀԱԿ խմբակցության անդամները, ովքեր հայտարարել են, որ դա անում են ի զորակցություն ժողովրդի:

ՀԱԿ խմբակցությանից ԱԺ-ում ներկա միակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել՝ պահանջելով, որպեսզի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրավիրվի Ազգային ժողով, քանի որ ընտրությունների արդյունքները չեն արտահայտում ժողովրդի կամքը, իսկ ընտրությունները կեղծված են եղել:

«Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը նշել է, որ ընտրված նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանն է, և շնորհավորել է նրան ու ժողովրդին:

«Ժառանգության» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասել է, «Սերժ Սարգսյանը չար է, և նա մեկուսացվել է Բաղրամյան 26-ի ճաղավանդակների հետևում»:

Ընդդիմության ներկայացուցիչներին հակադարձել են ՀՀԿ-ականները: Մասնավորապես, Գալուստ Սահակյանը պնդել է, որ Հայաստանի Հանրապետության նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը:

«Ես ամբողջ պրոցեսը չներկայացնեմ, բայց չարի վերջը գալու է, և քիչ չարություն արեք», – ասել է ՀՀԿ-ականը:

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ, իր հերթին, հայտարարել է, ով նախագահ դառնալ ցանկացողները կարող են առաջադրվել 2018 թվականին, իսկ այժմ երկրի ղեկավար է ընտրվել Սերժ Սարգսյանը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կոչ է արել հարգել այն 860 հազար քաղաքացիներին, որոնք ձայն են տվել Սերժ Սարգսյանին:

Նիկոլ Փաշինյանը հակադարձել է Աբրահամյանին՝ ասելով, թե իրենք հարգում են այդ քաղաքացիներին, բայց նաև ցանկանում են, որպեսզի այդ քաղաքացիները տեսանելի լինեն: Փաշինյանն ընդգծել է, որ ինչպես հիմա, այնպես էլ 2008 թվականին տեսանելի են ընդդիմադիր թեկնածուների աջակիցները, ովքեր մասնակցում են հանրահավաքներին: Նա նաև հիշեցրել է, որ 2008 թվականին Սերժ Սարգսյանի հանրահավաքից մարդիկ միացան Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին:

Զարուհի Փոստանջյանը, դիմելով ՀՀԿ-ականներին, հայտարարել է, որ «այդ 860 հազար քաղաքացիների 58 տոկոսը դուք «խփել եք»»:

«Ո՞ւր են այդ 860 հազար քաղաքացիները, որոնք չեն ներկայանում [ձեր] հանրահավաքներին», – ասել է Փոստանջյանը:

Օրակարգային հարցերին անցնելուց հետո Նիկոլ Փաշինյանը լքել է դահլիճը: