Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ. Րաֆֆի Հովհաննիսյանը միացել և ողջունել է դասադուլ անող ուսանողներին

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ. Րաֆֆի Հովհաննիսյանը միացել և ողջունել է դասադուլ անող ուսանողներին

Այսօր ժամը 13:30-ի սահմաններում դասադուլ անցկացնող ուսանողներին Ագրարային համալսարանի բակում միացել է «Ժառանգության» ղեկավար, ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Հայաստան, Հայաստան» վանկարկումների ներքո Հովհաննիսյանը բարձրացել է հարթակ ու այնտեղից «Բարև Հայաստան, բարև երիտասարդություն» կոչով ողջունել ուսանողներին, դասախոսներին, բուհերևի ռեկտորներին, համաքաղաքացիներին ու ոստիկաններին:

«Ես այսօր ասելիք չունեմ, ես իմացա, որ դուք հավաքվել եք ինքնաբուխ՝ ձեր պահանջով, ձեր իրավունքով, ձեր ապագայով, ես ողջունում եմ ձեզ: Ով ձեր հաղթանակը, ձեր իրավունքը, մեր Սահմանադրությունը, մեր դրոշը ուրանա՝ ինքը հանցագործ է և պատասխան է տալու, չկասկածեք: Մեր ոստիկանների, սահմանադրական, պետական ծառայության, համերաշխ ճանապարհով մեր ուսանողությունը ունենալու է ապագա, հեռանկար, աշխատատեղ, ինքնիշխան պետություն, ազգային շահ և ամենակարևորը՝ ինքը տեր է լինելու մեր երկրի ապագային, ողջունում եմ ձեզ», – ասել է Հովհաննիսյանը, ինչից հետո հավաքված ուսանողները վանկարկել են՝ «մենք ենք տերը մեր երկրի»:

Հովհաննիսյանը նշել է, որ ինքը պետք է գնա, ու կոչ է արել ուսանողներին շարունակել  իրենց հավաքը:

«Եթե որևէ մեկը բռնանա ձեր իրավնունքի վրա՝ վստահ եմ, որ չեն բռնանա, վստահ եմ, որ ոստիկանությունը արդեն իր պետական գործունեության մեջ է, կպաշտպանի ազատ խոսքի, ազատ հավաքի մեր սահմանադրական իրավունքը, դա երեկ  միասին փաստեցինք: Բայց մի բան  ինձ ուժ է տալիս՝ ուժ, լիցք և համեստություն, որ սա այլևս Րաֆֆիի ու Սերժի պայքարը չէ: Ասել է, որ սա իմ համալսարանն է, սա իմ աշխատանքն է, իմ ընտանիքը և իմ ապագան. ես ոչ մի ուրիշ տեղ չեմ գնալու: Կեցցե համալսարանը, կեցցե երիտասարդությունը, կեցցե Հայաստանի հանրապետությունը», – եզրափակել է Հովհաննիսյանը:

Ուսանողների՝ «Հայաստան, Հայաստան»  վանկարկումների ու ծափողջյունների ուղեկցությամբ Հովհաննիսյանը հեռացել է համալսարանից: