Home / Հայաստան / ՎԻԴԵՈ. «Ամոթ, ամոթ». լրագրողին հրում էին, ռեկտորն ասում, որ ուսանողները գործիք են

ՎԻԴԵՈ. «Ամոթ, ամոթ». լրագրողին հրում էին, ռեկտորն ասում, որ ուսանողները գործիք են

Երեկվանից դասադուլ-ակցիաներ իրականացնող «Երիտասարդ ընդվզում» նախաձեռնության անդամներն այսօր կրկին շրջել են բուհերով՝ կոչ անելով ուսանողներին միանալ իրենց և բոյկոտել դասերը: Հիշեցնենք, որ նախաձեռնության անդամները դասադուլի միջոցով քաղաքացիական անհնազանդություն են հայտնում՝ պահանջելով չեղյալ համարել կեղծված նախագահական ընտրությունները:

ԵՊՀ-ի մասնաշենքի մոտ լուռ ակցիա կազմակերպելով՝ երիտասարդները շարժվել են Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ և Մանկավարժական համալսարան, որտեղ դռները փակ են եղել, իսկ նրանց դիմավորել են մի խումբ երիտասարդներ, որոնք գոռացել են «Հեռացե՛ք»: Ակցիայի մասնակիցները ի պատասխան վանկարկում էին «Ամոթ, ամոթ»:

Նմանատիպ իրավիճակ է եղել նաև Տնտեսագիտական և Բժշկական համալսարանների մոտ:

Այսօր երիտասարդները «Միացում, միացում» վանկարկումներվ գնացել են Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, որտեղ կրկին բարձրախոսով կոչ են արել բուհի ուսանողներին միանալ իրենց:

Բուհի մուտքի մոտ հավաքված մի քանի ուսանողներ, որոնց թվում՝ համալսարանի ուսխորհրդի նախագահ Հասմիկ Ափյանը, ակցիայի մասնակիցներին հորդորել են հեռանալ ու չխանգարել իրենց դասապրոցեսը:

«Ուսանողների ծնողները գումար են վճարում, որ իրենք սովորեն», – ասել է Ափյանը: Նշենք, որ արդեն երկրորդ օրն է՝ նույն արտահայտությունը դասադուլ անողների հետ զրույցում հնչեցնում են գրեթե բոլոր բուհերի ուսխորհուրդների անդամները:

Ակտիվիտներից մեկը նշել է, որ երկիրը կործանվում է, քանի որ ընտրությունները կեղծվում են:

«Դուք ձեր ցույցերով եք մեր երկիրը կործանում, չեք հասկանո՞ւմ», – ասել է բուհի ուսանողուհիներից մեկը, ինչից հետո ակցիայի մասնակիցները սկսել են վանկարկել «ամոթ, ամոթ»:

Ակցիայի մասնակիցների հաջորդ հանգրվանը եղել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը:

«Սա թշնամիների դեմ կռիվ չէ, սա բոլորին համախմբելու  կռիվ է, որ ուզում ենք ապրել այլ երկրում, ուսանողը, հայը պիտի մնա իր երկրում», -հայտարարել են ակտիվիստները:

Այս բուհի մուտքի մոտ բողոքողներին դարձյալ մի ուսանողուհի է դիմավորել, բարձրախոսով կոչ է արել ակցիայի մասնակիցներին հեռանալ ու չխանգարել դասերին:

«Ես խոսում եմ բոլոր արվեստագետ ուսանողների անունից: Մենք չենք խառնվում նման ակցիաների, այսօր մեր բուհի առաջ չկա ոչ մի ուսանող մեր բուհից»,- ասել է աղջիկը, որին ի պատասխան բողոքողներից մեկը հայտարարել է, որ ինքն այդ բուհում է սովորում:

Ակցիայի ընթացքում ինստիտուտի ուսանողներից շատերը պատուհաներից ողջունում էին ակտիվիստներին, ոմանք էլ բղավում էին, թե իրենք ՀՀԿ-ականներ են ու չեն պատրաստվում միանալ ակցիային:

Ակցիայի ողջ ընթացքում ոստիկանները պատ կազմած փակել էին ինստիտուտի մուտքը ու թույլ չէին տալիս ելումուտ անել: Ակտիվիստները կոչ էին անում ոստիկաններին ազատել մուտքը ու թույլ տալ ուսանողներին դուրս գալ:

«Չեք էլ ամաչում, ասում են դաս է, ես ինքս ուսանող եմ, չգիտեմ, թե ուսանող լինելը ինչ է: Ուսանող լինելով՝ էսօր տաքսիի վարորդ եմ, սաղ ուսանողները դառել են տաքսու վարորդներ, սա երկիր ա՞, 4-5 լեզվի եմ տիրապետում, բայց տաքսի եմ վարում», – ասել է ակտիվիստներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ:

Ավելի ուշ Еpress.am-ի թղթակից Լուսինե Խաչատրյանը փորձել է մտնել ինստիտուտի շենք, սակայն դուռը բացելուն պես նրան մուտքի ներսում հանդիպել են պահակախմբի ներկայացուցիչները և, անգամ ուշադրություն չդարձնելով պարանոցից կախված լրագրողական վկայականին՝ հրելով դուրս են հանել նրան: Թղթակիցը նշել է, որ ինքն իրավունք ունի շենք մտնել, ինչին ի պատասխան հսկիչներից մեկը, ձեռքով փակել է տեսախցիկը ու ասել, որ ներս կթողնի միայն ռեկտորի թույտվությունը ստանալուց հետո:

Մեր թղթակիցը ոստիկաններից փորձել է պարզել նման պահվածքի պատճառը, և գնդապետ Վալերի Օսիպյանը և փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը ներս են մտել և սկսել են զրուցել պահակախմբի անդամների հետ:

Քիչ անց լրագրողներից մի քանիսը կրկին ցանկություն են հայտնել շենք մտնել, և բացել են դուռը, իսկ շենքի ներսում կանգնած է եղել ռեկտոր Արմեն Մազմանյանը:

«Երկու հոգի ներս գան», – հայտարարել  է ռեկտորը, ինչից հետո շենք մտած լրագրողներին ուղեկցել է իր աշխատասենյակ:

Լրագրողները հարց են տվել, թե որ օրենքով իրենք չեն կարող բուհ ներս մտել, ինչին ի պատասխան ռեկտորն ասել է, որ տվյալ բուհում որոշումներն ինքն է ընդունում:

Նա նաև հայտարարել է, որ «դասադուլն իր ինստիտուտում չի աշխատում»:

«Գնացեք, լսարանները նայեք ու տեսեք, որ ոչ ոք ոչ մեկին չի խոչընդոտում: Դասից հետո իմ ուսանողները ազատ են դասադուլ անելու, նստացույց անելու: Այն, ինչ հիմա է կատարվում, ուսանողները դառնում են գործիք, դրանք անում են ձեր քաղաքական գործիչները, մեկը ձեր Նիկոլ Փաշինյանը, եթե ոչ միայն Նիկոլը, այլև մեկ ուրիշը: Այն օրը, երբ բուհի ուսանողությունը կանի ժողով ու կորոշի, որ ամբողջ ուսանողությունը որոշել ա սկզբունքորեն գնա դասադուլի, ես կհարգեմ ու թույլ կտամ, բայց երբ որ ընդամենը սադրանքով, գոռալով,  ասելով՝ դուք ղզիկ եք, որ պատուհանից տղեն իրան վատ զգա ու գա ասի՝ ես ղզիկ չեմ, դուք մարդուն դուրս եք կանչում ոչ թե քաղաքական համոզմունքներով, այլ նրան մատ տնգելով, ասելով՝ դու ղզիկ ես, դու պուտանկա ես», – ասել է ռեկտորը:

Նշենք, որ Մազմանյանի աշխատասենյակում լրագրողների հետ զրույցի ողջ ընթացքը տեսանկարահանվում էր բուհի ռեկտորի ցուցումով: