Home / Հայաստան / Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Քերիի, Բարոզուի և Գարեգին Բ-ի մասին. հանրահավաք

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Քերիի, Բարոզուի և Գարեգին Բ-ի մասին. հանրահավաք

Ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով վիճարկում է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները, Արմավիր քաղաքից հետո իր աջակիցներին հանդիպել է նաև Մեծամորում և Էջմիածնում:

Մեծամորում կայացած հանրահավաքին 1000-ից ավելի մարդ էր հավաքվել: Epress.am-ի թղթակցի հետ զրույցում ներկաները նշել են, որ աշխատանքային ժամ է, և շատերը չեն կարող ներկա գտնվել ատոմակայանում զբաղվածության պատճառով: Մեծամորի 40-ամյա մի բնակիչուհի ընդգծել է, որ իրենց մոտ Րաֆֆի Հովհաննիսյանին ավելի շատ մարդ է ընտրել, քանի պաշտոնական արդյունքներով հայտարարված 47 տոկոսը:

Մեծամորցիները սկսել են պատմել իրենց խնդիրների մասին՝ նշելով, որ վատ վիճակում է բժշկությունը: Բուժաշխատողները ցածր աշխատավարձ են ստանում, անհրաժեշտ սարքավորումներ չկան, և մարդկանց հաճախ ուղարկում են Երևան, սակայն ոչ բոլոր մայրաքաղաքում բուժվելու հնարավարություն ունեն:

Մեծամորում հնչեցրած իր ելույթում Հովհաննիսյանը կոչ է արել օտարերկրյա դիվանագետներին իրեն ժողովրդավարության դասեր չտալ, որովհետև «մեր երկրի տերը հայ մարդն է»:

Նա ասել է, որ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ հղած ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կամ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Բարուզուն ինչ ուզում է, թող ասեն, բայց թող չխախտեն Մեծամորի, Արմավիրի մարզի և Հայաստանի Հանրապետության իրավունքը:

«Եթե դուք խախտեք` ես թույլ չեմ տալու», – ասել է Հովհաննիսյանը:

Էջմիածնում հանրահավաքի մասնակից Վաչեն Epress.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ իրենց մոտ էլ, ինչպես այլ քաղաքաներում, մարդկանց վրա մեծ ճնշումներ են գործադրել տեղի իշխանությունները:

Մեր զրուցակիցը պատմել է, որ պետական կառույցների աշխատողներին զգուշացրել են, որ ընդմիջման համար իրենց հետ տանից ուտելիք բերեն, որպեսզի աշխատավայրից դուրս չգան:

Վաչեն ասել է նաև, որ իր ազգականին, ով մասնակցել էր Ազատության հրապարակում մի քանի օր առաջ կայացած հանրահավաքին, ինչ-որ մարդիկ տանից դուրս են կանչել՝ «զրույցի», և զգուշացրել, որ ոչ Էջմիածնում, ոչ էլ Երևանում չմասնակցի Հովհաննիսյանի հանրահավաքներին, քանի որ կարող է դրա պատճառով զրկվել աշխատանքից:

Էջմիածնում ելույթ ունենալիս Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ թեև ինքը քրիստոնյա է և Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ, սակայն դատապարտում է Վեհափառ Գարեգին Բ-ին, ով սխալ է թույլ տվել՝ Սերժ Սարգսյանին շնորհավորելով վերընտրվելու կապակցությամբ: Հովհաննիսյանի խոսքով՝ Վեհափառը պետք է գործ ունենա Աստծո հետ, այլ ոչ թե քաղաքականությանը խառնվի: