Home / Տեսանյութեր / Խոշտանգված կնոջ գործով դատ. նախկին հարսը պնդել է, որ սկեսրոջ և ամուսնու դեմ բողոք չունի

Խոշտանգված կնոջ գործով դատ. նախկին հարսը պնդել է, որ սկեսրոջ և ամուսնու դեմ բողոք չունի

Սկեսրոջ և ամուսնու կողմից 10 ամիսների ընթացքում ծեծի և խոշտանգումների ենթարկվող Մարիամ Գևորգյանի (լուսանկարում) գործով Վերաքննիչ դատարանում այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ երկրորդ տուժողը  հայտարարել է, որ որևէ բողոք չունի իր նախկին սկեսրոջ և ամուսնու դեմ: Խոսքը Հայկանուշ Միքայելյանի առաջին հարս Մելինե Բայաթյանի մասին է, ով նախկինում հայտարարել էր, որ իրեն ևս ծեծի են ենթարկել ամուսինն ու սկեսուրը: Այսօր Բայաթյանն ասել է, որ ոստիկանությունում իր տված ցուցմունքը սուտ է եղել:

Հիշեցնենք, որ դեռևս դատավարության ընթացքում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» կամավորներից մեկը տեսել էր Մելինե Բայաթյանին և նրա նախկին ամուսնուն՝ Դավիթ Զիրոյանին, միասին: Նրանք դուրս էին եկել մեքենայից և ներս մտել «Մխիթար Գոշ» հյուրանոց, որը գտնվում է Տավուշի մարզի Գոշ գյուղում: Քիչ անց նրանք լքել են հյուրանոցը և ուղևորվել դեպի Գոշավանք:

Այսօրվա նիստին իրենց վերաքննիչ բողոքներն են ներկայացրել և Մարիամ Գևորգյանի պաշտպան Նոնա Գալստյանը, և Հրանուշ Միքայելյանի կողմը:

Նոնա Գալստյանը դատարանին միջնորդություն է ներկայացրել նաև բժշկական փորձաքննություն անցկացնելու մասին: Դատարանը, սակայն, որոշել է միջնորդության  մասին տեսակետ հայտնել վճռի հրապարակման ժամանակ:

Հիշեցնենք, որ Միքայելյանի պաշտպանությամբ հանդես եկող հարազատները բազմիցս  բերել են փաստարկը, թե Մարիամը խոշտանգումների արդյունքում չէ առողջական խնդիրներ ձեռք բերել, այլ միշտ ունեցել է մաշկային հիվանդություն:

Լուսանկարը՝ «“Ընդդեմ Կանանց Նկատմամբ Բռնությանկոալիցիա»-ի