Home / Հայաստան / Հայաստանում քաղաքացիական հասարակությունը փորձում է օգտագործել պահը

Հայաստանում քաղաքացիական հասարակությունը փորձում է օգտագործել պահը

Այսօր` հետընտրական շրջանում, քաղաքացիական նախաձեռնությունները փորձում են օգտագործել ստեղծված իրավիճակը իրենց օրակարգերն առաջ տանելու, ընդհանուր հարթակում քննարկելու և այն հանրությանը ներգրավելու համար: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Սոցիոսկոպ» ՀԿ-ի համանախագահ,  սոցիոլոգ Էվելինա Գյուլխանդանյանը՝ վերլուծելով ընտրություններից հետո նոր թափ ստացած քաղաքացիական շարժումները:

Ըստ փորձագետի՝ ընտրություններից հետո կուսակցությունների՝ տվյալ դեպքում  «Ժառանգության» շնորհիվ հրապարակ եկած ակտիվը, ինչպես նաև կուսակցական ռեսուրսներն օգտագործելը մարտահրավեր է քաղաքացիական հասարակության համար: Սոցիոլոգը նաև գործընթացի նորմալ բնորոշիչ է համարել այն, որ կուսակցությունները ևս փորձելու են կուսակցական շահերը առաջ տանել՝ իրենց հերթին օգտագործելով քաղաքացիական նախաձեռնությունների ռեսուրսները:

«Այսպես, քաղաքացիական հասարակությունը, որի տարբեր անդամներ առանձին խնդիրների լուծման վրա էին կենտրոնացած, այժմ միասնական օրակարգ է ստեղծում, ու շատ դիպուկ անուն են ընտրել իրենց միախմբման համար՝ ազատագրում: Քաղաքացիական հասարակությունն իր համար նոր միասնական խնդիրներ է ձևակերպում, դրանք են՝ պաշտպանել ՀՀ քաղաքացու ընտրելու իրավունքն ու քվեն,  չհանդուրժել որևէ գործարք համակարգի հետ, նպաստել ՀՀ քաղաքացիներին որոշումների կայացման գործընթացներում ներգրավելուն: Ուղղակի կարևորն այն է, որ քաղաքացիական նախաձեռնությունների օրակարգը և կուսակցական օրակարգը՝ առանց միմյանց խոչընդոտելու կամ միմյանց ձուլվելու առաջ ընթանան»,- ասել է Գյուլխանդանյանը:

Նա նկատել է, որ այլընտանքային իշխանության ձևավորման առաջարկը գաղափարը կարծես թե սկսում է կյանքի կոչվել տարբեր մակարդակներում, օրինակ, այլընտրանքային ուսանողական խորհուրդների ձևավորման մասին վերջերս առաջ եկած քննարկումների ժամանակ: Այլընտրանքային կառույցների ձևավորումը կարող է լինել բնական գործընթաց այն պարագայում, երբ չեն գործում համապատասխան պետական ինստիտուները:  Սոցիոլոգը նաև հիշեցրել է Մաշտոցի պուրակում ստեղծված քաղաքացիական դատարանը, որը որոշում կայացրեց կրպակների ապամոնտաժման մասին, որոշման իրագործումը կյանքի կոչվեց և անկախ նրանից, թե դրա համար կային նպաստող պայմաններ՝ նախընտրական շրջան, ակտիվիստների սկզբունքայնություն, Սերժ Սարգսյանի նախընտրական փիառ կամ այլ, անհերքելի է, որ նպատակն իրագործվեց: Ինչ վերաբերում է մեծ մասշտաբի որոշումների իրագործմանը, դեռևս անհասկանալի է, թե ինչպես են կյանքի կոչվելու այլընտրանքային օրենսդիր և դատական իշխանությունների կայացրած որոշումները: