Home / Հայաստան / ԱԳՆ-ի շենքի հարցով «ստիպված» դիմել են Սերժ Սարգսյանին. «Ու թող մեզ ների նախագահը»

ԱԳՆ-ի շենքի հարցով «ստիպված» դիմել են Սերժ Սարգսյանին. «Ու թող մեզ ների նախագահը»

Ճարտարապետների միությունը երեկ բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ պահանջելով չեղյալ հայտարարել ԱԳՆ շենքի վաճառքի գործարքը, սակայն նախկինում նույն հարցի շուրջ դիմումները ոչ մի ազդեցություն չեն ունեցել:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

«ԱԳՆ շենքը հանրապետական կարգի հուշաձան է, որը Հանրապետության հրապարակի վրա գտնվող միակ վարչական կենտրոնն  է և որպես այդպիսին ծառայում է դեռևս 1924 թվականից: Մինչև հիմա էլ հրապարակը նույն դրոշի, գերբի դերն է կատարում ու իր գեղեցկությամբ պատիվ կբերեր յուրաքանչյուր մայրաքաղաքի», – ասել է Մինասյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում անտեսվում են մշակույթի պահպանման օրենքները, որոնք հաստատվել են ՀՀ նախագահի, Մշակույթի նախարարության և ԱԺ-ի կողմից:

«Մինչև վաճառքը կարևոր գործառույթներ կան անելու, որպեսզի մենք պահպանենք մեր իսկ ստեղծած օրենքների գործադիր կատարումը. եթե ինչ-որ բան վաճառում ենք, ուրեմն վաճառենք համաձայն գոյություն ունեցող օրենքի, որը այս դեպքում անտեսված է: Բոլորովին հաշվի չի առնվում, որ այս հուշարձանը հետագայում որպես հյուրանոց օգտագործվելու  պարագայում ինչ դեֆորմացիաներ կունենա», -նշել է Ճարտարապետների միության նախագահը:

Նա ընդգծել է, որ միայն դրա անհրաժեշտությունից ելնելով և «ուրիշ ճար չունենալով»՝ իրենք դիմել են ՀՀ նախագահին. «Ստիպված ենք, ու թող մեզ ների նախագահը, որ ամեն ինչ իրեն ենք ուղղում, բայց ամեն ինչ այսպես է ստացվել»:

«Սերժ Սարգսյանն իր նախընտրական ծրագրում ուներ դրսի՝ հայկական հուշարձաններին տեր կանգնելու մասին կետը. եթե վաղը Լվովում ավերեն հայակական փողոցը ու մենք ուզենանք տեր կանգնել, նրանք մեզանից լավ գիտեն այս ամենը, մեզ կասեն՝«գիտե՞ք  ինչ, գնացեք ձեր գործերով զբաղվեք, ձեր ախոռը մաքրեք, հետո նոր եկեք ու մեզանից պահանջեք», – եզրափակել է Մինասյանը:

Հանդիպման մեկ այլ մասնակից ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ հավելել է, որ օրենքի խախտումները միայն ԱԳՆ-ի շենքի վաճառքով չեն սկսվել:

«Տարիներ շարունակ դրանք շարունակվում են, իսկ հուշարձանների պահպանության խնդրում դա պարզապես համատարած է: Այսօրվա վիճակում գրեթե ոչ մի հուշարձան պահպանողական պայմանագիր չունի կնքած՝ մասնավորապես, ԱԳՆ-ի շենքը, Մատենադարանը, ՀՀ նախագահի նստավայրը, ԱԺ շենքը: Այսօրվա դրությամբ՝ ԱԳՆ-ի իրավական  սեփականատերը հանդիսանում է կառավարության գույքի գործակալությունը, որը պարտավոր էր իր սեփականության տակ գտնվող բոլոր հուշարձանների վերաբերյալ կազմել պետական պարտավորագիր, որը հուշարձանների պահպանության օրենքի համաձայն մի շարք սահմանափակումներ կդներ սեփականատիրոջ վրա: Նման պայմանագրի առկայության դեպքում վերջինս կիմանար, որ այդ շենքը չի կարելի դարձնել հյուրանոց», – ասել է Քալաշյանը:

Նրա խոսքով՝ լիազոր մարմինն առ այսօր այդ հարցը չի քննարկել:

«Մեր անհանգստությունը հետևյալն է՝ եթե մենք սեփականատիրոջը վաճառելուց հետո չկորցնեինք «Սևան» հյուրանոցը, «Երիտասարդական պալատը», եթե տվյալ պահին չկորցնենք փակ շուկան՝ այսինքն մենք տեսնեինք, որ դրանց վաճառքից հետո գնում են բարեփոխման, այդքան չէինք անհանգստանա, որովհետև վստահության ռեսուրս այլևս չի մնացել: Ամեն անգամ, երբ մենք որևիցէ խումբ շենքեր սեփականատիրոջն ենք հանձնում, նա, որպես ճարտարապետություն՝ անհետ կորչում է քաղաքի պատմությունից, այդ իսկ պատճառով մենք չենք ուզում, որ հերթական շենքը, որը մեծ նշանակություն ունի, արժանանա նույն ճակատագրին», -ասել է Մինասյանը:

Նրա պնդմամբ՝ այլևս չի կարելի թողնել, որ կտոր-կտոր քաղաքից հանվեն պատմության էջերը:

«Քանի որ մենք դատական գործ հարուցելու իրավասություն չունենք՝ այդ իսկ պատճառով դիմել ենք դատախազությանը, որն էլ պետք է հետաքննություն անի ու ասի՝ «սթափվեք, էս ի՞նչ եք անում»: Եթե հանրությանը չհարցնելով՝ ոչնչացնում են նրա արժեքները, այս հանությունը ո՞ւր կգնա ու այս խնդիրները վերաբերում են հենց հանրությանը», -ասել է Քալաշյանը:

Մինասյանն էլ հավելել է, որ նման վարվելակերպով մենք կտրում ենք մեր ձեռքն ու  լեզուն ու զրկվում ենք մեր իրավունքից: