Home / Հայաստան / Րաֆֆի Հովհաննիսյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է զանգվածային ընտրախախտումները. շտաբ

Րաֆֆի Հովհաննիսյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է զանգվածային ընտրախախտումները. շտաբ

Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիստեային, հաղորդում է Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը:

«Քննարկվեցին փետրվարի 18-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքում տեղ գտած զանգվածային ընտրախախտումները, դրանց արդյունքում ստեղծված քաղաքական ճգնաժամը և դրանից դուրս գալու ուղիները», – նշված է հաղորդագրության մեջ:

Հանդիպմանը ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը և քաղաքական խորհրդատու Անդրեյ Դիդենկոն, Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի իրավախորհրդատու Կարեն Մեժլումյանը կդիմի Սահմանադրական դատարան հայցով՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանադրականությունը վիճարկելու մասին:

Վերոնշյալ հոդվածում ասվում է.

«Թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն ընտրություն նշանակվելուց հետո կարող են կազմավորել ընտրական շտաբներ: Ընտրական շտաբները չեն կարող տեղակայվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերում (բացառությամբ այն դեպքերի, երբ շտաբները զբաղեցնում են այդ մարմիններին չպատկանող տարածք), ինչպես նաև այն շենքերում, որտեղ գործում են ընտրական հանձնաժողովները: Ընտրական շտաբների վրա տեղադրված ցուցանակները սույն օրենսգրքի իմաստով քարոզչական տպագիր նյութեր չեն համարվում, եթե դրանք չեն ներառում թեկնածուին, կուսակցությանը (կուսակցության դաշինքին) կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կոչեր, դրանց թիվը չի գերազանցում ընտրության համար կազմավորված ընտրական տեղամասերի թիվը, և յուրաքանչյուր պաստառի (ցուցանակի) մակերեսը չի գերազանցում 6 քառակուսի մետրը»: