Home / Հայաստան / Հետընտրական զարգացումները չեն խոչընդոտի ԵՄ-Հայաստան համագործակցությանը. Լիտվայի ԱԳ նախարար

Հետընտրական զարգացումները չեն խոչընդոտի ԵՄ-Հայաստան համագործակցությանը. Լիտվայի ԱԳ նախարար

Եվրամիությունը շատ մեծ կարևորություն է տալիս Արևելյան գործընկերություն ծրագրում ընդգրկված երկրների հետ համագործակցությանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասել է Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսը, ով պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում:

«Մենք պետք է Հայաստանի հետ համագործակցության հարցում շոշափելի արդյունքներ ունենանք մինչև ԵՄ հաջորդ գագաթնաժողովը: Ինչ վերաբերում է Արևելյան գործընկերության մյուս երկրներին, ապա ամեն երկրից մենք տարբեր ակնկալիքներ ունենք», – ասել է Լինկյավիչյուսը՝ նշելով, որ մինչ գագաթնաժողովը Հայաստանի համար առաջնահերթություն պետք է լինի ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագիրը վերջնական տեսքի բերելը:

Պատասխանելով Epress.am-ի հարցին, թե ինչ կարծիք ունի Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների մասին և կիսում է արդյոք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության հրապարակած մտահոգությունները՝  Լիտվայի ԱԳ նախարարն ասել է, որ ծանոթ է վերջին միջանկյալ զեկույցին, համաձայն է, որ եղել են ընտրախախտումներ, սակայն պետք է նկատել, որ ընտրությունների կազմակերպման հարցում առաջընթաց ևս գրանցվել է:

Լինկյավիչյուսն ասել է, որ հետընտրական զարգացումները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ ԵՄ-ի և Հայաստանի իշխանությունների միջև հետագա համագործակցության համար: