Home / Հայաստան / «Գողերին տանից հեռացնում են». Տիգրան Խզմալյանը՝ Ազատության հրապարակում

«Գողերին տանից հեռացնում են». Տիգրան Խզմալյանը՝ Ազատության հրապարակում

Հայաստանի գործող նախագահը կանգնած է ժողովրդի դիմաց Ազատության հրապարակի հարթակին: Այս մասին այսօր հրապարակում ընթացող Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

Նա հայտարարել է, որ իզուր է Ազատության հրապարակի հարթակից Սերժ Սարգսյանին կոչեր անել համերաշխության կառավարություն ստեղծել, քանի որ նա այլևս նախագահ չէ:

«Երևանը Սումգայիթ դարձնելով՝ նախագահ չեն դառնում, կեղծելով` նախագահ չեն դառնում», – ասել է Տիգրան Խզմալյանը:

Նրա խոսքով՝ հայաստանցին պատրաստ չէ ընդունել գայլի օրենքը, թույլին տապալելու օրենքը:

«Այս պայքարը Րաֆֆու ու Սերժի պայքարը չէ: Ի՞նչ է` չգիտեինք, որ կեղծելու են: Գիտեինք: Բայց իրենք համոզված եին, որ ստրուկ ենք դարձել: Բայց իրենք չարեչար սխալվեցին: Մենք ստրուկ չենք: Նրանք վախենում էին մեր ազատությունից, մեր ազատատենչությունից», – հայտաարել է Խզմալյանը:

Նա նշել է, որ կարիք չկա խնդրանքներ, զիջելու կոչեր հնչեցնել:

«Չեն զիջի, չեն հեռանա: Մեր տուն գողեր են մտել: Գողերին տանից հեռացնում են, այլ ոչ թե թողնում են ու հեռանում են տանից», – հայտարարել է Տիգրան Խզմալյանը: