Home / Հայաստան / ԿԸՀ նախագահին և ՀՀԿ-ական պատգամավորին հանցագործ են անվանել. վեճ ՍԴ-ում

ԿԸՀ նախագահին և ՀՀԿ-ական պատգամավորին հանցագործ են անվանել. վեճ ՍԴ-ում

Այսօր Սահմանադրական դատարանում ՀՀ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքերը վիճարկող Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդիաս Ղուկասյանի բողոքների քննարկման ժամանակ միջադեպ է տեղի ունեցել: Ընդմիջմանը, երբ լրագրողները պատրաստվել են հարցեր ուղղել պատասխանող կողմի ներկայացուցիչ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին, քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանը, ով հետընտրական շրջանում մասնակցում էր ԿԸՀ-ի և ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության շենքերի դեմ անցկացվող բողոքի ակցիաներին, բարձրաձայն ասել է՝ «հանցագործին հարցեր մեք ուղղի, նա հանցագործ է»:

Հայտարարությունից հետո մի քանի քաղաքացիական հագուստով մարդիկ մոտեցել են Հարությունյանին և պահանջել, որպեսզի վերջինս ՍԴ-ի շենքից դուրս գա: Հարությունյանին դուրս հրավիրող քաղաքացին հրաժարվել է ներկայանալ, իսկ Epress.am-ի թղթակցի հարցին, թե արդյոք նա ՍԴ-ի աշխատակից է, պատասխանել է, թե «գործազուրկ է»:

Տիգրան Մուկուչյանը, Հարությունյանի դիտարկմանը պատասխանելով, ասել է, որ քաղաքացին իր սուբյեկտիվ ընկալումն է արտահայտում:

«Ամեն մեկը սեփական ընկալողականությամբ է ընկալում երևույթները, եթե վարդը ցույց ես տալիս կնոջը, նա դրանից ուրախանում է, եթե ցույց ես տալիս որևէ կենդանու, կարող է ուտել»,- ասել է Մուկուչյանը:

Երբ Կարեն Հարությունյանը միջանցք է դուրս եկել, նրան մոտեցել է ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ով նույնպես խնդրել է Հարությունյանին դուրս գալ:  Վերջինս ասել է, թե քանի որ Եսայանը ՀՀԿ-ից է, ապա նա ևս հանցագործ է: Եսայանը հակադարձել է, որ եթե Հարությունյանը վստահ է, կարող է դիմել դատարան:

«Այս երկրում բոլոր դատարանները ձերն են», – նկատել է Հարությունյանը: