Home / Հայաստան / «Գողը հեչ մեղք չունի՞». անեկդոտից հետո ՍԴ-ում նիստն ընդմիջվեց

«Գողը հեչ մեղք չունի՞». անեկդոտից հետո ՍԴ-ում նիստն ընդմիջվեց

Նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումներում առկա փաստերը հանցագործության հիմքեր չեն պարունակել, դրանք ընդհանրական, ոչ կոնկրետ ակնարկներ են եղել, ուստի ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչները որոշել են միայն 12 դեպքի մասով քրեական գործ հարուցել: Այսօր ՀՀ գլխավոր դատախազության նման կարծիք Սահմանադրական դատարանում ներկայացել են որպես հարակից պատասխանող կողմ հանդես եկող ՀՀ գլխավոր դատախազության՝ ընտրությունների կապակցությամբ ձևավորված աշխատանքային խմբի ղեկավար Կորյուն Փիլոյանը ու ավագ դատախազ Հարություն Հարությունյանը: Հիշեցնենք, որ ՍԴ-ն արդեն երրորդ օրն է` քննում է Հովհաննիսյանի և Ղուկասյանի դիմումները, վիճարկում են ընտրությունների պաշտոնական արդյունքները:

«Մեզ դատարանը ուղարկել է 20 տեսաձայնագրություն, մենք դրանք ուսումնասիրել ենք և այն տպավորությունը ունենք, որ կողմը սիրում է կշռել փաստերը, այլ ոչ թե ուսումնասիրել:  Ըտրախախտումները այդ ձայնագրություններում միայն մի քանի րոպե էին»,-ասել է Փիլոյանը:

ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը հարցրել է, թե ներկայացված փաստերում առկա կրկնակի քվեարկության դեպքերը, ըստ դատախազության, չե՞ն ազդել տվյալ ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքի վրա: Հարությունյանը պատասխանել է, որ փաստական տվյալներ չկան, թե կրկնակի քվերակության այնպիսի դեպքեր են եղել, որոնք ազդել են ընտրությունների արդյուքների վրա:

Փիլոյանն էլ անդրադարձել է ընտրակաշառքի մասին դեպքերին՝ կարևոր համարելով այն, որ թեև եղել է այդպիսի հանցագործության մասին 90 հաղորդում, սակայն հնարավոր չի եղել պարզել դրանք, քանի որ, թեև դատախազությունը երաշխավորել է, որ կաշառք վերցրած մարդիկ պատասխանատվություն չեն կրի, նրանք հրաժարվել են ներկայանալ:

Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը հակադարձել է Փիլոյանին՝ ասելով, որ այդ մարդիկ «վախենում են սուտ մատնության մեջ մեղադրվելուց»:

Որպես մեկ այլ հարակից պատասխանող դատանարում ելույթ է ունեցել նաև ոստիկանության ներկայացուցիչ Թաթուլ Պետրոսյանը, ով ասել է, թե «ընտրախախտումները էպիզոդիկ բնույթ են կրել»: Պետրոսյանը նշել է, որ այժմ քննարկվում է օրենք, որը թույլ կտա խախտումները կանխել, բայց քանի որ կաշառքը, օրինակ, փոխշահավետ գործարք է, դա հայտնաբերել ու կանխելը բարդ է:

Ոստիկանության ներկայացուցչի խոսքերի առնչությամբ ՍԴ-ի դատավոր Կիմ Բալայանը մի անեկդոտ է պատմել. մի մարդու տունը կողոպտում են, նա դիմում է ոստիկանությանը, նրան հարցնում են՝ ինչու տան դուռը չի կողպել, ինչու անվտանգության ճաղեր չի տեղադրել, ինչու լավ տեղ չի պահել փողը: Կողոպուտի ենթարկվածը հարցնում է ոստիկաններին. «Լավ, գողը հեչ մեղք չունի՞»:

Անեկդոտից հետո Սահմանադրական դատարանում ընդմիջում հայտարարեցին: