Home / Հայաստան / «Եթե գեներալ Գասպարյանն ունի այդ կամքը…». Հովհաննիսյանը հրաժարվեց վրանից

«Եթե գեներալ Գասպարյանն ունի այդ կամքը…». Հովհաննիսյանը հրաժարվեց վրանից

Այսօր Ազատության հրապարակում՝ նախքան «Ժառանգություն» կուսակցության նախագահ, փետրվարի 18-ին կայացած ընտրությունների պաշտոնական արդյունքերը վիճարկող Րաֆֆի Հովհաննիսյանի մամուլի ասուլիսի մեկնարկը, ոստիկանության ներկայացուցիչները հայտարարել են, որ քաղաքապետարանը թույլ չի տալիս հրապարակում վրան տեղադրել և որ տեղադրողները կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Ի պատասխան այդ հայտարարության՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ոստիկաններին խնդրել է քաղաքացիներից հեռավորություն պահել:

Ասուլիսին ընդդիմության առաջնորդը հայտարարել է, որ ոստիկանության և քաղաքացիների առերեսման որևէ պատճառ չկար և որ ինքը թույլ չի տալու, որ քաղաքացիներն ու ոստիկանները «հայտնվեն երկու բարիկադների հետևում»:

«Ես ոչ մի վրան չեմ ուզում», – ասել է Հովհաննիսյանն ու ավելացրել, որ «եթե գեներալ Գասպարյանն ունի այդ կամքը՝ ապահովելու իմ առողջությունը… ես կարիք չունեմ»:

Հիշեցնենք, որ այսօր կեսօրից ՀՀ ոստիկանության և «Ժառանգության» անդամների միջև մեկնարկած բանակցությունները ավելի քան 1 ժամ են տևել, սակայն կողմերն ընդհանուր հայտարարի չեն եկել: Բանակցությունների ընթացքում նաև բախումներ են գրանցվել: Խնդրո առարկան Րաֆֆի Հովհաննիսյանի համար Ազատության հրապարակում վրանի տեղադրումն է եղել, որին խոչընդոտել են ոստիկանները, չնայած «Ժառանգության» ներկայացուցիչները հիշեցրել են, որ երկու տարի առաջ մարտ ամսին Րաֆֆի Հովհաննիսյանի նախորդ հացադուլի ժամանակ վրան տեղադրվել է: Կուսկացության անդամները նաև պնդել են, որ ամեն դեպքում տեղադրելու են վրանը 17:30-ին: