Home / Հայաստան / Կապ չունի՝ Րաֆֆին լավն է, թե ոչ, Րաֆֆին ընտրվել է նախագահ. Սուրեն Զոլյանը խոսել է Ազատության հրապարակի հարթակից

Կապ չունի՝ Րաֆֆին լավն է, թե ոչ, Րաֆֆին ընտրվել է նախագահ. Սուրեն Զոլյանը խոսել է Ազատության հրապարակի հարթակից

Այսօր ոմանք գրում են, թե Րաֆֆին չի հասկանում՝ ինչ է անում, Րաֆֆին միամիտ է. կապ չունի՝ Րաֆֆին լավն է, թե ոչ, Րաֆֆին ընտրվել է նախագահ: Այս մասին Ազատության հրապարակում հայտարարել է Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր, լեզվաբան Սուրեն Զոլյանը:

«Ով որ պարտվել է, լավ կանի՝ պատրաստվի հաջորդ ընտրություններին», – ասել է Զոլյանը: Նա խոստովանել է, որ ընտրություններին քվեարկել է Անդրիաս Ղուկասյանի օգտին, սակայն այսօր եկել է իր հիացմունքը հայտնելու Րաֆֆի Հովհաննիսյանին՝ որպես առաջամարտիկի:

Զոլյանն առաջարկել է հանձնաժողով ստեղծել, և, հաշվելով բոլոր քվեաթերթիկները, պարզել իսկությունը:

«Եթե թուրքերի հետ համատեղ հանձնաժողով էիք ստեղծում՝ պարզելու՝ եղել է Ցեղասպանություն, թե չէ, ի՞նչ դժվար է ասել՝ ինչ է տեղի ունեցել մեկ ամիս առաջ», – ասել է նախկին ռեկտորը:

Հիշեցնենք, որ Սուրեն Զոլյանը ռեկտորի պաշտոնից հեռացվել է 2012 թվականին՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից երկու նկատողություն ստանալու հետևանքով: Աշոտյանի որոշումը Զոլյանը վիճարկում է դատարանում:

Նշենք, որ 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած հանրահավաքների օրերին ԵՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանի հրահանգով փակվում էին լեզվաբանական համալսարանի դռները, որպեսզի ուսանողները չմասնակցեն Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին: