Home / Հայաստան / Փաշինյանն ասել է՝ ինչպես Սերժ Սարգսյանի երդմնակալությունը վերածել հրաժեշտի երեկոյի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փաշինյանն ասել է՝ ինչպես Սերժ Սարգսյանի երդմնակալությունը վերածել հրաժեշտի երեկոյի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը ենթարկվում է դինամիկ փոփոխությունների և այսօրվա խնդիրը այդ փոփոխությունները գնահատելն ու համապատասխան վարքագիծ դրսևորելն է: Այս մասին այսօր Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ հացադուլի դիմելու վերաբերյալ հնչում են տարբեր գնահատականներ, անգամ  ընդդիմադիր շրջանակներից: Այդ քայլը որակվում է որպես ծայրահեղ, անձնազոհ, փակուղային, թույլ կամ ուժեղ կողմ:

«Այդ գնահատականները չեն անդրադառնում ամենակարևորին՝ ընթացիկ քաղաքական բովանդակությանը: Իմ ընկալումը հետևյալն է. ժողովրդի վստահության քվեն ստացած Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլով հստակ ուղերձ է հղում հայաստանյան և միջազգային հանրությանը, որ հետևողականորեն պաշտպանելու է ժողովրդի ընտրությունը և որ Սերժ Սարգսյանը չի կարողնալու հաղթանակ արձանագրել սեփական ժողովրդի նկատմամբ», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ Րաֆֆի Հովհաննիսյանի այս քայլը վստահություն է ներշնչում, որ կոմպրոմիս չի լինելու, սակայն դա չի նշանակում, որ կոմպրոմիս հնարավոր չէ: Ըստ Փաշինյանի՝ այդ կոմպրոմիսն այն է, որ իշխանությունն անարյուն ու հանդարտ պետք է փոխանցվի ժողովրդին ու Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է ստանձնի նախագահի պաշտոնը:

«Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Գասպարյանը, Գորիկ Հակոբյանը, բոլորը, միջազգային հանրությունը պետք է արձանագրեն՝ ժողովուրդը չի գրոհելու, չի հարձակվելու, ջարդուփշուր չի անելու, բայց անելու է ավելին՝ չի նահանջելու: Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Գասպարյանը, Գորիկ Հակոբյանը պետք է գիտակցեն՝ իրենք կարող են գրոհել, հարձակվել, բայց ժողովուրդը բռնությանը բռնությամբ չի պատասխանելու, բայց չի նահանջելու, որովհետև սա այն ժողովուրդն է, որը կերտել է սեփական անկախությունը, այն ժողովուրդն է, որը հաղթանակ է տարել Արցախյան պատերազմում, այն ժողովուրդն է, որը 2008թ. մարտի 1-ին գնդակահարվել է սեփական մայրաքաղաքում, բայց չի նահանջել», – ասել է Փաշինյանը:

ՀԱԿ պատգամավորի խոսքով՝ Ազատության հրապարակի շարժման այսօրվա խնդիրը նոր կառավարության, նոր իշխանության ձևավորումն է: Ու թեև գործնական լուծումը բացառապես Րաֆֆի Հովհաննիսյանի լիազորությունն է, Փաշինյանի խոսքով, այդ բեռն ամբողջությամբ Րաֆֆի Հովհաննիսյանի վրա թողնելը սխալ է:

Նիկոլ Փաշինյանն առաջարկել է հնարավորինս արագ սկսել նոր իշխանության շուրջ քննարկումների շարք, որտեղ մարդիկ իրենց պատկերացումները կներկայացնեն նոր իշխանության ձևավորման սկզբունքների մասին:

Փաշինյանի խոսքով՝ ընթացիկ քաղաքական գործընթացն իր գագաթնակետին է հասնելու ապրիլի 9-ին, երբ ընտրված նախագահը պետք է ստանձնի այդ պաշտոնը:

«Մենք մի խնդիր ունենք լուծելու՝ Հայաստանը պետք է դուրս քաշել Սերժ Սարգսյանի վարչակազմի տակից: Ապրիլի 9-ը այդ խնդիրը լուծելու ճակատագրական ժամանակն է: Շատերն են հարցնում՝ ինչ եք անելու՝ երդմնակալությունը կանխելու համար: Մենք այդ արարողությունը անիմաստ դարձնելու խնդիր ունենք: Սերժ Սարգսյանը նպատակ ունի այդ օրը լցնել Մարզահամերգային համալիրի դահլիճը՝ ցույց տալու, որ ինքը նախագահ է: Սակայն ժողովուրդը պետք է այդ օրը իրենով լցնի Հայաստանի ամենամեծ ՝ Հանրապետության հրապարակը՝ ցույց տալու համար, որ ինքը ընտրել է իր նախագահին և նրա անունը Սերժ Սարգսյան չէ: Սերժ Սարգսյանն ունի միայն մի դահլիճ, իսկ մեր հարյուր հազարավոր ներկայաությամբ Հանրապետության հրապարակում պետք է այդ չակերտավոր երդմնակալությունը հրաժեշտի երեկույթի վերածենք: Այդ օրը հավաքվում ենք՝ Սերժ Սարգսյանին Հայաստանից զրկելու համար: Ընդ որում՝ եկեք ընտանիքներով, կանանց, երեխաների հետ, բարձր տրամադրությամբ, ուրախ-զվարթ, որովհետև չի լինելու բախում, չի լինելու քաշքշոց, տոն է լինելու, հաղթանակի և ապագահյի տոն: Այդ օրը ժողովուրդը պետք է աշխարհին ցույց տա, թե ում չի ընտրել ու ում է ընտրել նախագահ», – ասել է Փաշինյանը:

Նա նաև ընթերցել է քաղաքացիական ակտիվիստների՝ ռոք երգիչ Սերժ Թանգյանին ու շանսոնյե Շառլ Ազնավուրին հասցեագրած ուղերձները:

«Հարգելի Սերժ, եթե դուք լինեք այստեղ, այդ հրապարակում, ձեր ներկայությամբ տասնապատիկ կավելացնեք հայ ժողովրդի ձայնը: Ապրիլի 9-ից առաջ եկեք Հայաստան և մեկ շաբաթ կամ 10 օր անցկացրեք Հայաստանում՝ հանուն արդարության, նպաստեք արդարության հաղթանակին», ասված է Սերժ Թանգյանին ուղղված ուղերձում:

Նման ուղերձ քաղաքացիական ակտիվիստներն ուղղել են նաև Ազնավուրին՝ կոչ անելով միանալ ժողովրդին:

«Այսօր մենք պարտավոր ենք ուղերձ հղել շանսոնյեին, որ այս հետընտրական շրջանում բացառիկ հնարավորություն է ստեղծվել կանգնեցնելու ներքին ցեղապսնաությունը: Եթե համաձայն եք, որ հայ ժողովուրդն ունի սփյուռքահայ իր ականավոր զավակների ներկայության կարիքը, բարձր, բուռն, երկարատև ծափահարություններով ուղերձ հղեք Քըրք Քրքորյանին, Շառլ Ազնավուրին, Սերժ Թանգյանին՝ կոչ անելով օր առաջ ժամանել Հայաստան, լինել ժողովրդի կողքին», – ասել է Փաշինյանը, որից հետո հրապարակում երկաևատև ծափահարություներ են հնչել: