Home / Հայաստան / «Ոչ թե խաչ, այլ «իքս» դրեցի». Հովհաննիսյանը պատմել է՝ ինչ փաստաթուղթ է իրեն ուղարկվել

«Ոչ թե խաչ, այլ «իքս» դրեցի». Հովհաննիսյանը պատմել է՝ ինչ փաստաթուղթ է իրեն ուղարկվել

Սերժ Սարգսյանը վերջին օրերին մի քանի անգամ միջնորդների միջոցով փորձել է կազմակերպել իր և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը: Այս մասին ընդդիմության առաջնորդն ասել է այսօր լրագրողների հետ զրույցում:

«Հացադուլի առաջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցան մի քանի միջնորդավորված մոտեցումներ՝ քննարկելու, թե ինչպես կարող ենք հանդիպել կամ ինչպես կարող եմ դուրս գալ Ազատության հրապարակից: Ես ասացի, որ դուրս չեմ գալու: Այդ միջնորդները՝ պաշտոնյա և ոչ, ուզում էին հանդիպում կազմակերպել: Ես առաջարկեցի, որ ամենանախընտրելին բաց հանդիպումն է՝ ժողովրդի և լրագրողների առջև, բայց եթե պարոն Սարգսյանը ուզում է դա պահել, առաջարկեցի հանդիպել սրճարանում, որտեղ կլիներ մասնավոր հանդիպում, բայց ժողովուրդը կտեսներ, որ երկու ախոյանները իրար ձեռք են սեղմում: Սակայն հանգուցալուծում չեղավ: Վերջում ասացի, որ եթե բարդույթ կա, եթե ուզում է պարոն Սարգսյանը փակ ծրարով հաղորդակցվի հետս, գրավոր, ես կպատասխանեմ նույն ձևով: Սա վերջին առաջարկն էր, որը պահեստային տարբերակն էր», – ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը և խնդրել է իր խոսքերը չխեղաթյուրել՝ նկատի ունենալով, որ երեկ Սարգսյանը հայտարարել էր, որ  Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման ընթացքում  պայմանավորվածություն  էր ձեռք բերվել միմյանց ներկայացնել գրավոր առաջարկներ:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաև հայտնել է, որ մարտի 16-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը զանգահարել է «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին և նրան փոխանցել փակ ծրար:

«Ծրարի վրա գրված էր՝ Ազգային Ժողով: Բացում եմ ծրարը՝ 2-էջանոց փաստաթուղթ, որն իր բովանդակությամբ ծաղր է ժողովրդին, բայց, փաստորեն, այդ փաստաթուղթը կրում է մարտի 5-ի թվականը: Եվ այնտեղ հուշագիր էր, որը պետք է ստորագրվի Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև և որը վերաբերում է սահմանադրական խորհրդին», – ասել է Հովհաննիսյանն ու նշել, որ սա այն փաստաթուղթն էր, որը մերժվել էր պատգամավոր Ռուբեն Հակոբյանի կողմից դեռևս ԱԺ-ում կայացած քննարկումների ժամանակ:

«ԱԺ-ից ինձ ուղարկում են մի փաստաթուղթ, որը մերժվել է: Եվ ներկայացվում է, թե մենք պայմանավորվեցինք: Ես ոչ թե խաչ քաշեցի, որովհետև խաչը սուրբ է այլ «իքս» դրեցի այդ փաստաթղթի վրա, շրջան գծեցի «մարտի 5-ի» շուրջ և «Ազգային ժողով»-ի շուրջ և իմ ստորագրությամբ ուղարկեցի», – ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը և ևս մեկ անգամ նշել, որ Սերժ Սարգսյանը խեղաթյուրել է կատարվածը:

Ընդդիմության առաջնորդը նշել է, որ ինքը ուրբատ օրը՝ հանրահավաքին, կընթերցի իր  բաց փաստաթուղթը՝ առաջարներով,  և դրանից հետո կուղարկի Սերժ Սարգսյանին: