Home / Հայաստան / Ռուբեն Հախվերդյանին դավաճանում է հիշողությունը, կարծում է Սերժ Սարգսյանը

Ռուբեն Հախվերդյանին դավաճանում է հիշողությունը, կարծում է Սերժ Սարգսյանը

Երեկ Սերժ Սարգսյանի՝ ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանում շատերի վրդովմունքն է առաջացրել Ռուբեն Հախվերդյանի՝ Ադրբեջանի հեռավոր գավառի մասին համեմատությունը:

«Բայց, արդյո՞ք, երբ բանը հասնում է արդեն 5-րդ շարասյուների ելույթներին, հակապետական, հակաբարոյական ելույթներին՝ սահմանափակումներ պետք չեն: Արդյո՞ք ինչ-որ սահմաններ այդ ամենում դնել պետք չէ», – Սարգսյանին հարցրել է Գալաջյանը:

Սարգսյանը համաձայնել է, որ սահմանափակումներ պետք են՝ ընդգծելով, սակայն, որ մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն չպետք է գնալ:

«Ռուբեն Հախվերդյանը, իմ կարծիքով, ես մասնագետ չեմ, տաղանդավոր երգիչ ու երգահան է: Բայց պետք է ասեմ, որ նա հավասարապես կամ հավասարաչափ տաղանդավոր չէ քաղաքականության մեջ, առավել ևս՝ մարդկային հարաբերություններում: Պիտի ավելացնեմ նաև, որ Ռուբեն Հախվերդյանին հաճախ է դավաճանում իր հիշողությունը և ես կարող եմ բազմաթիվ փաստեր բերել: Բայց կբավարարվեմ մեկով. ես երբեք Բորիս Կևորկովի օգնականը չեմ եղել: Դա փաստ է, որ գիտեն հազարավոր մարդիկ, հարյուր հազարավոր մարդիկ: Ես եղել եմ Հենրիկ Պողոսյանի օգնականը: Նրանք տարբեր մարդիկ են: Գոնե անուն, ազգանուններից կարելի է տարբերակել: Սա՝ մեկ: Եվ երկրորդ՝ նա ինձ մեղադրում է սովետական տարիներին կոմունիստ լինելու, կոմսոմոլ լինելու և աշխատելու մեջ: Գիտեք, չի կարելի երախտամոռ լինել և առաջին հերթին՝ նախորդ սերունդների նկատմամբ: Որևէ մեկն այսօր ճշգրտությամբ չի կարող ասել՝ եթե Հայաստանը չխորհրդայնանար, ի՞նչ կլիներ մեր ճակատագիրը: Եթե որևէ մեկը գիտի՝ թող ասի: Այսինքն, մենք արդյո՞ք իրավունք ունենք ելնելու այն տեսակետից, որ Խորհրդային Հայաստանում որևէ լավ գործ չի կատարվել: Այսինքն, եթե մենք փնովում ենք խորհրդային ժամանակներում աշխատած մարդկանց աշխատանքը, հավասարապես պետք է փնովենք Արամ Խաչատրյանի երաժշտությո՞ւնը: Մենք պետք է փնովենք ընդհանրապես մեր ձեռքբերումները և՞ս: Եվ թող ինձ ներեն մարդիկ՝ այդ շարքում Ռուբեն Հախվերդյանին էլ դասելու համար, փաստորեն մենք պետք է փնովե՞նք Ռուբեն Հախվերդյանին՝ նախկինում ստեղծած երգ-երաժշտության համար: Արդյո՞ք սա մոտեցում է: Ես հպարտ եմ, որ այն ժամանակ էլ հնարավորություն եմ ունեցել ծառայելու իմ ժողովրդին: Թե ինչպես եմ ծառայել, կարող են վկայել այդ Ադրբեջանի «հեռավոր գավառի բնակիչները»: Ինչևէ, տա Աստված, որ Ռուբեն Հախվերդյանը շուտով վերադառնա այն գործին, որից նա հասկանում է և մեզ ուրախացնի իր նոր ստեղծագործություններով: Իսկ հավաքները, ելույթները սահմանափակելը մեզ ոչինչ չի տա: Մենք շատ տևական ժամանակ, նաև անկախ Հայաստանի պայմաններում, ապրել ենք այդ վիճակում: Արդյո՞ք այն ժամանակ լավ էր վիճակը: Կարծում եմ՝ ոչ: Հիմա ավելի լավ է: Ոչինչ, որ հրապարակային վիրավորանքները, հայհոյանքները մի քիչ շատացել են: Ոչինչ, որ ամենահեշտ գործը դարձել է նախագահին հայհոյելը: Այս երկրում շատերը վախենում են միջին կարգի գործարար հայհոյելուց, բայց չեն վախենում Հանրապետության նախագահին հայհոյելուց: Իմ համբերությունը մեծ է: Մենք պետք է անցնենք այս ճանապարհը: Եվ երբ մեր դատարաններն իրոք արժանանան մեր ժողովրդի վստահությանը, այն ժամանակ հենց այդ դատարանների միջոցով այս հարցերն էլ կլուծենք: Եվ ոչ միայն դատարանների միջոցով: Վստահ եմ, որքան զարգանա մեր հասարակությունը, այնքան այսպես խոսողները քիչ են լինելու: Որովհետև գտնվելու են մարդիկ, ովքեր ոչ թե փողոցի անկյուններում կամ իրենց տների խոհանոցներում են քննադատելու այն մարդկանց, ովքեր չափն անցնում են, այլ հրապարակավ են դա անելու: Այն ժամանակ նրանք էլ մի քիչ կզգուշանան: Գործընթացը նորմալ է գնում, մի անհանգստացիր: Որևէ բան մեր երկրի, հիմա դժվար է անդորր ասել, բնականոն կյանքը չի կարող խանգարել», – պատասխանել է Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ Ռուբեն Հախվերդյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը եղել է Բորիս Կևորկովի աջ ձեռքը՝ մի մարդու, ում օրոք հայաթափվել է Ղարաբաղը: