Home / Տեսանյութեր / Նույնականացման քարտերը փոխարինում են անձնագրերին, հիշեցրել է վարչապետը

Նույնականացման քարտերը փոխարինում են անձնագրերին, հիշեցրել է վարչապետը

2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու պարտադիր կենսաթոշակային ապահովագրական համակարգը։ Ենթադրվում է, որ շուրջ 270 հազար քաղաքացիներ իրականացնելու են վճարումներ իրենց անհատական հաշիվների վրա և իրավունք պետք է ունենան ստանալ տեղեկատվություն, թե իրենց հաշիվների վրա ինչքան գումար է կուտակվել և պետությունն ինչպես և ինչ ծավալով է ավելացրել իրենց գումարները։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հնչեցրած իր խոսքում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Դա ենթադրում է, որ նրանք կարող են օգտվել իրենց նույնականացման` ID քարտերով։ Այսօր մենք ստանում ենք մեր քաղաքացիներից հարցադրումներ, թե արդյոք այդ քարտը հնարավորություն է տալիս քաղաքացուն օգտվել բազմաբնույթ ծառայություններից, և իրենցից չպետք է պահանջեն անձնագիր։ Ունենք բողոքներ, որ, չնայած այն հանգամանքին, որ մենք օրենսդրությամբ սահմանել ենք, որ ID-քարտը կարող է փոխարինել անձնագիրը, բայց բազմաթիվ օղակներում քաղաքացուց, բացի ID-քարտից, պահանջում են նաև անձնագիր, ինչը չի համապատասխանում մեր օրենսդրության պահանջներին», – ասել է վարչապետը:

Նա մասնավորեցրել է, որ «Վան» ռադիոկայանի բլոգներում կան օրինակներ, թե որտեղ, որ մարմիններում հրաժարվում են միայն ID-քարտով սպասարկելուց և պահանջում են նաև անձնագիր։

«Հիմա անցումային փուլ է, և պետք է բոլոր մարմինները սովորեն աշխատել այդ քարտերով։ Մենք մինչև տարեվերջ պետք է որակապես փոխենք իրավիճակը, և մեր ենթակառուցվածքները պատրաստ լինեն մեր քաղաքացիներին ID-քարտերով սպասարկել, որովհետև հունվարի մեկից հետո եթե 270 հազար քաղաքացի այդ ID-քարտերով սկսեն իրենց աշխատանքները, կարող ենք խնդիրներ ունենալ, եթե կառույցները պատրաստ չլինեն։ Ասենք, օրինակ, նոտարները, պետք է աշխատենք իրենց հետ, որպեսզի իրենք այդ քարտերը կարդացող սարքեր տեղադրեն և քաղաքացուն չուղարկեն անձնագրի հետևից։

Եթե օրենսդրությունը պահանջում է, որ եթե քաղաքացին ներկայացնում է նույնականացման իր քարտը, ուրեմն պարտավոր են ծառայությունը մատուցել այդ քարտով։ Տեղեկանք ներկայացնելն անհարմարություն է քաղաքացու համար. նա գալիս է նույնականացման քարտով, ուղարկում ենք, որ տեղեկանք բերի, դա նույնն է, որ ուղարկես անձնագիր բերի։

Հիմա մեզ Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ կենսաթոշակային ռեֆորմի ներքո դեպոզիտարիայի մուտքը միայն նույնականացման քարտով է հնարավոր` անվտանգությունն ապահովելու համար։ Դա նշանակում է, որ մենք պարտավոր ենք այդ քաղաքացիների համար միջավայր ստեղծել և փուլ առ փուլ, ամեն ամիս երևի պետք է քննարկենք այս հարցը, տեսնենք, թե որտեղ են մնացել ծառայություն մատուցող պրոբլեմային օղակներ, որտեղ չեն ընդունում նույնականացման քարտեր։
Այս պահի դրությամբ Հայաստանում բավարար քանակի քարտ կարդացող սարքեր ունենք, և կարող ենք ամբողջությամբ բավարարել։

Բոլոր գերատեսչություններին հանձնարարական կիջեցնենք, որ օրենքի այդ նորմը կիրառելի դարձնեն։ Հանձնարարականներ իջեցնենք, որպեսզի պատրաստ լինենք 2014 թ. հունվարի մեկից ծառայություններ մատուցենք բոլոր քաղաքացիներին», – ասել է վարչապետը։