Home / Հայաստան / Իշխանությունը սպառված է և իրավիճակի լրջությունը չի հասկանում. կարծիք

Իշխանությունը սպառված է և իրավիճակի լրջությունը չի հասկանում. կարծիք

Ցանկացած ողջամիտ առաջարկ, որն ուղղված է  պետության տնտեսությունը ճգնաժամից, և հասականությանը՝ հոգեբանական ճգնաժամից հանելուն, դրական ու ողջունելի քայլ է: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ, Լոռվա մարզի նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանը՝ մեկնաբանելով երեկ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հնչեցրած առաջարկները՝ ուղղված Սերժ Սարգսյանին:

Հիշեցնեք, որ Հովհաննիսյանն առաջարկել է կամ նախագահական արտահերթ ընտրությունների անցկացնել, կամ այս տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրություննեի անցկացնել և կատարել մի շարք այլ պահանջներ, այդ թվում՝ թույլ տալ, որպեսզի պետական որոշ հաստատությունների ղեկավարներին նշանակի Հովհաննիսյանը:

Վիգեն Խաչատրյանն ասել է, որ բացի առաջարկներ քննարկելուց՝ այլ ճանապարհ չի տեսնում: Ըստ քաղաքագետի՝ Սերժ Սարգսյանի վերջին ասուլիսի ժամանակ հնչեցված մտքերից, ինչպես նաև ՀՀԿ բարձրաստիճան անդամների հայտարարություններից դատելով՝ առաջարկների ընդունումը քիչ հավանական է:

«Նրանց դիրքորոշումը վկայում է, որ մենք գործ ունենք սպառված իշխանության հետ: Նման իշխանությունն իրավիճակի լրջությունը չի հասկանում և չի գնում բարեփոխումների: Նրանց համար իշխանություն լինելը ինքնանպատակ է: Երբ Սերժ Սարգսյանը ասուլիսի ժամանակ հայտարարում է, որ խորհրդարանում չկա գործարար, երբ մեղադրում է լրագրողներին՝ ասելով, որ դուք լուրջ հարցեր չեք տալիս պատգամավորներին, ո՞նց կարող եք համոզել ինձ, որ նման մարդը կգնա փոխզիջումների: Նա սուտ է խոսում, ո՞վ չգիտի՝ քանի օլիգարխ կա ԱԺ-ում, ինքը՝ Սարգսյանը, գնում, կոչ էր անում, որ այդ մարդկանց ընտրեն: Այդ սուտը հասարակության հանդեպ արհամարհանքի նշան է»,- ասել է Խաչատրյանը:

Բանախոսը չի կարծում, թե Րաֆֆի Հովհաննիսյանի նոր առաջարկը կարող է դժգոհություն առաջացնել նրան սատարողների շրջանում: Խաչատրյանը ընդունել է, որ որոշ մտահոգություն կարող է առաջանալ այն մարդկանց մոտ, ովքեր ոչ թե շարժման մասնակից են, այլ «թամաշա» անող:

«Այո, ժողովուրդն ուզում է օր առաջ իր խնդիրների լուծումը ստանալ, սակայն հնարավոր չէ շտապել, ու բոլորը գիտակցում են, որ դիմացը կա բիրտ ուժ: Կարևորը՝  մենք արդեն ունենք մարդկանց ուղեղներում հեղափոխություն, հեղափոխությունը  ջարդ ու փշուրը չի»,- ասել է Վիգեն Խաչատրյանը: