Home / Հայաստան / «Գոմեշի մսի» գործով փոխգնդապետի են ձերբակալել

«Գոմեշի մսի» գործով փոխգնդապետի են ձերբակալել

ՀՀ Զինված ուժերին գոմեշի մսի մատակարարման փաստի առթիվ հարուցված քրեական գործով ևս մեկ անձ է ձերբակալվել, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Ձերբակալվածի անունը չի նշվում. Պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է միայն, որ նա N զորամիավորման պարենային ծառայության պետն, է կոչումով փոխգնդապետ: Վերջինս մեղադրվում է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

«Դեռևս 21.02.2013-ին և 22.02.2013-ին ձերբակալվել, անուհետև կալանավորվել են, համապատասխանաբար, N զորամասի հրամանատարը (կոչումով փոխգնդապետ) և նրա նյութատեխնիկական գծով տեղակալը (կոչումով մայոր): Միաժամանակ, նույն քրեական գործով, որպես խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին է ընտրվել և մեղադրանք է առաջադրվել նաև նույն զորամասի պահեստարանի պետին», – նշում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Հիշեցնենք, որ դեռևս 2012 թվականի մայիսին «Բանակում անարդարություններին ոչ» նախաձեռնությունը բաց նամակով դիմել էր ՀՀ նախագահին, ՀՀ Պաշտպանության նախարարին, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնատար անձանց՝ կոչ անելով քննություն սկսել զորամսերում Հնդկաստանից բերված սառեցված գոմեշի մսի մատակարարման վերաբերյալ:

2012 թվականի օգոստոսին ԼՂՀ ՊԲ պարենային կենտրոնական պահեստում հայտնաբերված խախտումների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, աշխատանքից ազատվել է ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնումների և մատակարարումների հետ կապված հարցերը համակարգող Արշալույս Փայտյանը, ով մամուլի տվյալներով հեռացել էր Հայաստանից, սակայն հետագայում վերադարձել էր:

Գործի շրջանակներում նախորդ տարվա օգոստոսի 29-ին ձերբակալվել էր «Ա.Օհանջանյան» ընկերության տնօրեն Ալբերտ Օհանջանյանը: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախություն անելու մեջ:

Նշենք, որ 2012 թվականի սեպտեմբերի վերջին կայացած ՀՀ կառավարության նիստի ժամանակ հրապարկվել էրգոմեշի միս Հայաստան ներմուծող ընկերությունների ցանկը, իսկ ՀՀ վարչապետը նշել է, որ ինքը ներմուծման հետ կապ չունի: Խոշորագույն ներմուծողն է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը: