Home / Հայաստան / Թուղթ ու գրիչով, թե առանց՝ ձևական մանրամասներ են. Սարգսյանի նամակի մասին

Թուղթ ու գրիչով, թե առանց՝ ձևական մանրամասներ են. Սարգսյանի նամակի մասին

Ի պատասխան Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկների գրված Սերժ Սարգսյանի նամակն իր տոնայնությամբ չես համեմատի մի քանի օր առաջ Սարգսյանի ասուլիսի տոնայնության հետ: «Ազատություն TV» -ի ուղիղ եթերում նման կարծիք է հայտնել «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

Այնուամենայնիվ, Սաֆարյանը նշել է, թե տպավորություն ունի, որ Սարգսյանի առաջարկում կա փակուղին վերացնելու և մեկ այլ փակուղի ստեղծելու վտանգ:

«Ուրախ եմ, որ կողմերը գիտակցում են, որ բանակցությունն այլընտրանք չունի:  Փաստը այն է, որ Հայաստանը չի կարող որևէ լուրջ մարտահրավերի դիմակայել այս ճգնաժամի պայմաններում»,- ասել է Սաֆարյանը:

Սարգսյանի պատասխանում Սաֆարյանը տեսնում է նաև Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկներից առաջինի՝ նոր նախագահական ընտրությունների անցկացման մերժում: Բանախոսը հիշեցրել է, սակայն, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի վաղ ասել էր, թե իրենց «փշրանքներ պետք չեն»:

«Ժառանգության» ներկայացուցիչը նշել է, որ ձևական մանրամասներ են, թե որտեղ կհանդիպեն Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նախագահական նստավայրում, թե Ազատության հրապարակում, թուղթ ու գրիչով, թե առանց:

«Իմ մոտ տպավորություն կա, թե թիվ մեկ խնդիրը Րաֆֆի Հովհաննիսյանին հացադուլից հանելն է դառնում: Դրա լավագույն ձևը քաղաքական ճգնաժամի լուծումն է»,- ասել է Սաֆարյանը՝ անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված հացադուլը դադարեցնելու մասին Սերժ Սարգսյանի կոչին: