Home / Հայաստան / «Անհրաժեշտ է դրսևորել հանդուրժողականություն». Ուրիխանյանն ըննդեմ Բարսեղյանի գործի մասին

«Անհրաժեշտ է դրսևորել հանդուրժողականություն». Ուրիխանյանն ըննդեմ Բարսեղյանի գործի մասին

Բլոգեր Էդգար Բարսեղյանի կողմից ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին վերաբերող ֆոտոկոլաժը պատրաստելը ինքնանպատակ չէր. դա քաղաքացիական ակտիվիստի կողմից քաղաքական գործչի կոնկրետ արարքին տրված յուրահատուկ գնահատական-դատողություն էր: Այս մասին ասված է Տեղեկատվական վեճերի խորհրդի (ՏՎԽ) կողմից տարածած կարծիքում: Խորհրդի անդամներն են Շուշան Դոյդոյանը (Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ), Մանանա Ասլամազյան-(«Արմմեդիա» ծրագրի տնօրեն), Բորիս Նավասարդյանը (Երևանի մամուլի ակումբի նախագահ), Արամ Աբրահամյանը («Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր) և Արա Ղազարյանը («Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն):

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերի 26-ին «Style Screen» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ, Տիգրան Ուրիխանյանը ճանաչվել է «Տարվա ոճային քաղաքական գործիչ», ինչին ի պատասխան, բլոգեր Էդգար Բարսեղյանը www.demotivator.am կայքում տեղադրել է Տիգրան Ուրիխանյանի լուսանկարը՝ պատկերված մանեքենուհի կնոջ կիսամերկ մարմնով: 2012 թվականին նոյեմբերի 21-ին Տիգրան Ուրիխանյանը դիմել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Էդգար Բարսեղյանի: Դատարանից խնդրել է սահմանել, որ վիճահարույց լուսանկարով պատասխանողը արատավորել է իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը և խնդրել է պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել, բռնագանձել  1,500,000 դրամ վիրավորանքի և դատական ծախսերի դիմաց, ինչպես նաև www.demotivoator.am և www.blognews.am կայքերից ու սոցիալական ցանցերից հեռացնել վիճահարույց լուսանկարը: Ներկայումս դատական վարույթը նախնական դատական քննության փուլում է:

ՏՎԽ-ն նշում է, որ վիճահարույց ֆոտոկոլաժը պատկանում է քաղաքական երգիծանքի ժանրին: Երգիծանքը գեղարվեստական խոսքի տեսակ է, ինչպես նաև սոցիալական արտահայտչամիջոց, որն իրեն բնորոշ բոլոր չափազանցություններով, իրականությունը աղավաղված ներկայացնելու, հրահրելու ու սուր քննադատության ենթարկելու հատկանիշներով գտնվում է ազատ խոսքի պաշտպանության տակ:

«Հետևաբար, խնդրո առարկա հարցը կայանում ոչ թե նրանում, թե արդյոք լուսանկարը ինքնին, միջավայրից դուրս վիրավորական էր, թե ոչ, այլ, թե արդյոք հեղինակին հաջողվել է իր խոսքը ողջամտորեն փոխհավասարակշռել այլոց իրավունքների՝ տվյալ դեպքում քննադատության թիրախ անձնավորության արժանապատվության հարգման իրավունքի հետ:

Վիճահարույց ֆոտոկոլաժով հեղինակը արտահայտել իր բողոքը քաղաքական գործչի կոնկրետ գործողության նկատմամբ: Դա քննադատություն էր, որն ուղղված էր հայցվորի՝ որպես քաղաքական գործչի գործունեությանը, այլ ոչ թե նրա անձնական կյանքին: Հետևաբար, լուսանկարի պատրաստելն ու տարածելը ինքնանպատակ չէր, դա քաղաքացիական ակտիվիստի կողմից քաղաքական գործչի կոնկրետ արարքին տրված յուրահատուկ գնահատական-դատողություն էր:

Գնահատական-դատողության արտահայտումը կարող է պաշտպանվել օրենքով, եթե հիմնված է որոշակի փաստական հիմքերի վրա: Տվյալ դեպքում այդպիսի փաստական հիմքեր էին «Տարվա ոճային քաղաքական գործիչ» մրցանակաբաշխությանը հայցվորի կողմից ներկայանալու, մրցանակը ստանալու և հարցազրույց տալու հանրահայտ հանգամանքները», – նշված է Խորհրդի կարծիքի մեջ:

ՏՎԽ-ն նաև հավելում է, որ պատասխանողի անձը նույնպես գործոն է, որը պետք է հաշվի առնել: Տվյալ դեպքում պատասխանողը քաղաքացիական ակտիվիստ է ու բլոգեր, ով իրականացնում է «հասարակական վերահսկող օղակի (watchdog) իր գործառույթը», որը բխում է ժողովրդավարական հասարակության շահից, որով սահմանափակվում է քաղաքացիական իրավունքները սահմանափակելու իշխանությունների հայեցողության շրջանակը:

«Հայցվորի անձը նույնպես գործոն է, որը պետք է հաշվի առնել: Տվյալ դեպքում հայցվորը քաղաքական գործիչ է, ով աչքի է ընկնում իր լայն հրապարակային գործունեությամբ: Նման հանգամանքներում քաղաքական գործիչների նկատմամբ թույլատրելի քննադատության շրջանակներն առավել լայն են և նրանք պետք է դրսևորեն առավել մեծ հանդուրժողականություն: Դա բխում է ՀՀ Սահմանադրության  1-ին, 2-րդ և 5-րդ հոդվածների սահմանադրաիրավական ընդհանուր բովանդակությունից, քանի որ ժողովրդաիշխանությունն իրականացվում է նաև հանրային ծառայության միջոցով, և այդ ծառայությունը կրող անձանց հանրային և մասնավոր վարքագիծն օբյեկտիվորեն կարող է հասարակական քննարկման առարկա դառնալ:

Եվ վերջապես, խնդիրը անհրաժեշտ է դիտարկել նաև բարոյականության տեսանկյունից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասի ներքո, քանի որ խոսքի ազատությունը սահմանափակող հիմքերի շրջանակներում «բարոյականության պաշտպանության» և «այլոց իրավունքների պաշտպանության» երկու իրավաչափ նպատակների միջև առկա է բնական կապ: Տվյալ դեպքում բլոգերը պատասխանողի լուսանկարը պատկերել է մանեքենուհու կիսամերկ մարմնի տեսքով, որը, ըստ մեր հասարակությունում ձևավորված բարոյական նորմերի ու արժեհամակարգի, անձին հրապարակավ ներկայացնելու անպարկեշտ եղանակ է», – նշում են հեղինակները:

Հաշվի առնելով վերը նշված բոլոր գործոնները, և հատկապես քաղաքական խոսքի կարևորությունը հասարակական հարաբերություններում՝ Խորհուրդը գտնում է, որ տվյալ դեպքում, այնուամենայնիվ, անհրաժեշտ է դրսևորել հանդուրժողականություն բլոգերի նախընտրած արտահայտչաձևի նկատմամբ, որը թեև հագեցած է ծայրահեղությամբ, սակայն ուղղված է եղել ոչ թե քաղաքական գործչի անձնական կյանքին, այլ նրա հասարակական գործունեությանը:

Ինչ վերաբերում է գումարային պահանջին, Խորհուրդը կրկին նշում է, որ քաղաքական գործիչները հանրային քննարկման նշանակության փաստերի շրջանակներում բերված բողոքների առնչությամբ ցանկալի է, որպեսզի ձեռնպահ մնան գումարային պահանջներ ներկայացնելուց:  Եթե դատարանը բավարարի հայցապահանջը, Խորհուրդը կարծում է, որ իրավունքի խախտման փաստի ճանաչումը ինքնին կարող է դիտվել որպես արդարացի փոխատուցման բավարար եղանակ: