Home / Հայաստան / «Չի բացահայտվել». Տուժող կողմը խոսել է Արտակ Նազարյանի գործով խախտումների մասին

«Չի բացահայտվել». Տուժող կողմը խոսել է Արտակ Նազարյանի գործով խախտումների մասին

Արտակ Նազարյանի սպանության հանգամանքները չեն բացահայտվել: Այս մասին երեկ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթերցված իրենց ճառում հայտարարել են 2010 թվականին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված ավագ լեյտենանտ Արտակ Նազարյանի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը և տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյաը (գլխավոր լուսանկարում):

Ելույթ ունեցողները սկզբում նշել են, որ Արտակ Նազարյանի մահվան պաշտոնական վարկածը ներկայացնող մեղադրական եզրակացությունից ընդարձակ մեջբերումներ անելը անիմաստ են:

«Նշենք միայն, որ շուրջ մեկ տարի տևած նախաքննության արդյունքներով կազմված մեղադրական եզրակացության համաձայն՝ սույն գործով ամբաստանյալների աթոռին հայտնված Հակոբ Մանուկյանը, Վահագն Հայրապետյանը, Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը և Հարութիկ Կիրակոսյանը մահվանը նախորդած ժամանակահատվածում՝ տարբեր օրերի Արտակ Նազարյանի նկատմամբ գործադրել են բռնություն և/կամ նրան ենթարկել են ծաղրուծանակի, ստորացրել ու նվաստացրել են նրա արժանապատվությունը, ինչի հետևանքով Արտակ Նազարյանը գործել է ինքնասպանություն՝ իրեն ամրակցված հրազենով կրակելով ինքն իր վրա: Այլ կերպ ասած՝ նախաքննության մարմինը հայտարարում է, որ ամբաստանյալների ենթադրյալ անօրինական գործողությունների և Արտակ Նազարյանի ենթադրյալ ինքնասպանության միջև առկա է պատճառահետևանքային կապ…

…Եվ այսպես՝ գլխավոր հարցը, որին պետք է պատասխանի Դատարանը կայացվելիք դատական ակտով, հետևյալն է՝ արդյոք դատարանում հետազոտված թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցներով հիմնավորվել է Արտակ Նազարյանի ինքնասպանության վարկածը, թե ոչ», – նշել է տուժող կողմը:

Ճառի ընթացքում ընդգծվել են գործում առկա մի շարք կարևորագույն խախտումներ: ասնավորապես, նշվում է, որ Նազարյանի ինքնասպանության վարկածը հիմնականում հիմնված է «Ղոզլու 12» մարտական հենակետի զինծառայողների նախաքննության ընթացքում տված ցուցմունքների վրա:

«Դատաքննության ընթացքում ամբաստանյալներ Հ. Կիրակոսյանը և Ա. Հովհաննիսյանը ցուցմունքներ տվեցին, որ Բերդ քաղաքի ռազմական ոստիկանության բաժանմունքում պահվելու ընթացքում իրենց և այլ զինծառայողների նկատմամբ կիրառվել է բռնություն, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք: Այս հայտարարությունների կապակցությամբ ՀՀ ՊՆ ՀԿԳ քննչական բաժնում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, քանի որ բռնությունների և նվաստացումների հեղինակ ռազմական ոստիկանության աշխատակիցները հերքել են որևէ զինծառայողի նկատմամբ որևէ անօրինական գործողություն կատարելու հանգամանքը: Թեպետ խոշտանգումների/անմարդկային/արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասին ցանկացած հայտարարություն իրավական պետության մեջ պետք է մանրակրկիտ և պատշաճ քննության առարկա դառնա, սակայն որևէ մեկը պատրանք չէր տածում, որ ամբաստանյալներ Հ. Կիրակոսյանի և Ա. Հովհաննսիայնի հայտարարությունները լավագույն դեպքում արժանանալու են ձևական մոտեցման, ինչպես և փաստացի տեղի ունեցավ… Մեր կողմից 2012թ. նոյեմբերի 14-ին կայացած դատական նիստի ընթացքում ներկայացվեց միջնորդություն՝ թվով 32 ցուցմունքների և առերես հարցաքննությունների՝ որպես ապացույց օգտագործման անթույլատրելիությունը հաստատելու և զորամասի նախկին հրամանատար Սեյրան Ղազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 133 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 309 հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնելու միջնորդությամբ ՀՀ գլխավոր դատախազին դիմելու մասին: Այս միջնորդության լուծումը Դատարանի կողմից հետաձգվեց և Դատարանը դրան պետք է անդրադառնա խորհրդակցական սենյակում վերջնական դատական ակտ կայացնելիս», – նշում է տուժող կողմը՝ փաստելով, որ Սեյրան Ղազարյանի հակասահմանադրական և անօրինական հրամաններով 14 զինածառայողներ ապօրինի զրկվել էին ազատությունից, անազատության մեջ պահվելու պայմաններում Բերդ քաղաքի ռազմական ոստիկանության բաժանմունքում նրանցից ստացվել էին թվով 32 ցուցմունքներ, որոնք էլ հետագայում դրվել էին Ա. Նազարյանի ինքնասպանության վարկածի հիմքում:

Անդրադառնալով Արտակ Նազարյանի մահվան հանգամանքներին՝ տուժող կողմը հիշեցրել է, որ,  ըստ պաշտոնական վարկածի՝ 2010թ. հուլիսի 27-ին, ժամը 07:50-ի սահմաններում զորամասի հսկողությանը հանձնված «Ղոզլու 12» կոչվող մարտական հենակետում որպես հենակետի ավագ ծառայության նշանակված լեյտենանտ Արտակ Նազարյանն իր հաստիքային «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգով բերանի խոռոչի շրջանում իրեն հրազենային վնասվածք է հասցրել և տեղում մահացել:

«Առանձնակի ուշադրության է արժանի այն փաստը, որ դեպքից մոտ 1 ժամ 25 րոպե անց զորամասից Գլխավոր Շտաբ և ՊՆ է ուղարկվել օպերատիվ տեղեկագիր, համաձայն որի՝ Ա.Նազարյանը ինքնասպանություն է գործել մարտական հենակետի խրամատում: Այնուհետև սակայն, ինչ-ինչ պատճառներով քննիչը փոխել է «խրամատը» և որպես դեպքի նոր վայր ընտրել հենակետի տարածքում, բարձունքի վրա գտնվող ժայռաբեկորը, որին նստած վիճակով հենվելով, իբր Ա.Նազարյանը ձեռքին եղած ինքնաձիգի փողը ուղղել է դեպի բերանը և ինքնասպանեղել: Զավեշտալին այն է, որ քննիչի կողմից նշված հանգամանքներում` գլուխը ժայռաբեկորին հենած վիճակում ինքնասպան լինելու դեպքում, այդ նույն ժայռաբեկորի վրա պարտադիր պետք է մնային արյան, ոսկրաբեկորների և ուղեղանյութի մասնիկներ, քանի որ հրազենային վնասվածքը միջանցիկ էր, գնդակը դուրս էր եկել սպայի գլխի ձախակողմնա-ծոծրակային շրջանում: Սակայն դեպքի վայրի զննությամբ ժայռաբեկորի վրա ոչ մի հետք չի հայտնաբերվել:

Դեպքից ամիսներ անց գործով նոր քննիչ Լ. Պետրոսյանի նախաձեռնությամբ կատարվում է դեպքի վայրի մի նոր (թվով 3-րդ) զննություն: Զննության ընթացքում քննիչը արձանագրում է, թե իբր ժայռաբեկորի վրա հայտնաբերվել են «արնանման հետքեր», սակայն քննիչը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, իր հայտնաբերած արյան հետքերից նմուշներ չի վերցրել, չի փաթեթավորել, չի առգրավել և դրանք փորձաքննության չի ուղարկել: Այսինքն` այդպես էլ չի պարզվել, թե արդյո՞ք դրանք արյան հետքեր են, մարդու՞, թե կենդանու արյուն է, եթե մարդու, ապա ո՞ր խմբին է պատկանում և կարո՞ղ էր արդյոք լինել Ա. Նազարյանի արյունը: Նման պարագաներում քննիչի գրածն ապացուցողական որևէ արժեք չունի», – ընդգծել են Ծովինար Նազարյանն ու Ռուբեն Մարտիրոսյանը:

Քննիչն ընդամենը փորձել է պատրանք ստեղծել, թե, իրոք, դեպքի վայրը հենց նշված ժայռաբեկորն է, ինչը իրականությանը չի համապատասխանում:

Կարևոր փաստ է նաև այն, որ դեպքից հետո կատարելով տեղազննություն՝ քննիչը հայտնաբերել է Ա.Նազարյանի ինքնաձիգի թվով 3 պահունակները` 90 փամփուշտով: Միաժամանակ, զննելով Ա. Նազարյանին ամրակցված ինքնաձիգը, պարզել է, որ պահունակում առկա է 29 փամփուշտ և ևս մեկ փամփուշտ գտնվում է ինքնաձիգի փողի մեջ:

«Այսպիսով, բոլոր այն 120 փամփուշտները, որոնք Նազարյանը ստացել է մարտական հենակետ մեկնելիս, եղել են իրենց տեղում և ոչ մի փամփուշտ կրակված չի եղել: Նման պայմաններում հայտարարել, թե Նազարյանն ինքնասպան է եղել իր ինքնաձիգով, ընդամենը մերկապարանոց հայտարարություն է և կեղծիք: Փոխարենը փորձաքննության ներկայացնելու մարտական հենակետում առկա բոլոր զենքերը` պարզելու համար, թե վերջին մաքրումից հետո ո՞ր զենքից է կրակոց արձակվել, քննիչ Հ. Մարգարյանը, խախտելով օրենքը, ակնհայտորեն դուրս գալով քննիչին վերապահված լիազորությունների շրջանակից, իրեն վերագրելով փորձագետ-ձգաբանի գործառույթներ, «իրականացրել է» մարտական հենակետի ինքնաձիգների ձգաբանական փորձաքննություն և «հանգել եզրակացության», թե իբր հենակետում առկա ոչ մի զենքից վերջին մաքրումից հետո կրակոց չի արձակվել: Սա աղաղակող անօրինականություն է` ուղղված գործի իրական հանգամանքները կոծկելուն և պետք է համապատասխան գնահատականի արժանանա Դատարանի կողմից: Այսպես թե այնպես, հաշվի առնելով վերը նշված փաստերը, արձանագրում ենք, որ մինչ օրս պարզված չէ, թե ու՞մ զենքով է սպանված Ա. Նազարյանը», – ընդգծում են տուժող կողմի ներկայացուցիչները:

Նրանք մի շարք այլ ապօրինություններ ներկայացնելով՝ նշում են, որ քննության ոչ լիարժեք ընթացքը վկայում է այն մասին, որ Արտակ Նազարյանի մահվան հանգամանքները չեն բացահայտվել:

«Եթե այդուհանդերձ Դատարանը արդարադատություն իրականացնելու վճռականություն և կամք ցուցաբերի, ապա կայացվելիք դատական ակտով պետք է՝ (1) հաստատի, որ թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների համակցությամբ չի հիմնավորվել Ա. Նազարյանի ինքնասպանություն գործելու մեղադրանքի կողմի պնդումը, և (2) հաստատի, որ Դատարանում հետազոտված թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների համակցությամբ չի հիմնավորվել գործով ամբաստանյալներին վերագրվող գործողությունների և  Նազարյանի մահվան միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, և այդպիսի կապի առկայությունը հաստատված չլինելու բոլոր մեղադրանքներով ամբաստանյալների նկատմամբ կայացնի արդարացման դատական ակտ, և (3) տուժող կողմի ներկայացրած հանցագործությունների մասին տասնյակ հաղորդումներում (որոնց մի մասը ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են Դատարան, մյուս մասը ներկայացվել են Դատարանին) առկա փաստերի առթիվ քրեական գործեր հարուցելու միջնորդությամբ դիմել ՀՀ գլխավոր դատախազին», – իրենց ճառն ավարտել են տուժողի ներկայացուցիչն ու իրավահաջորդը: