Home / Հայաստան / ՀՖՖ-ն և ոստիկանությունը չեխերի հետ խաղի միջադեպի համար միմյանց են մեղադրում

ՀՖՖ-ն և ոստիկանությունը չեխերի հետ խաղի միջադեպի համար միմյանց են մեղադրում

Ոստիկանությունը պատասխանատվություն չի կրում մարտի 26-ին կայացած Հայաստան-Չեխիա հանդիպման ժամանակ գրանցված միջադեպի համար, որի հետևանքով շատ երկրպագուներ, թեև ունեին տոմսեր և ներկայացել էին հանդիպմանը, չեն կարողացել մտնել մարզադաշտ և դիտել խաղը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:

Մալխասյանը խորհուրդ է տվել դիմել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, որը, նրա խոսքով, երեկվա միջադեպի մեղավորն է, քանի որ հենց ֆեդերացիան է եղել խաղի կազմակերպիչը:

«Ոստիկանները ընդամենը իրենց գործառույթն են կատարել. փորձել են հասարակական կարգը պահպանել»,- ասել է Մալխասյանը:

Ֆուտբոլի ֆեդերացիայի հասակայնության հետ կապերի բաժնից Epress.am-ին ասել են, որ իրենք ֆուտբոլասերների իրավունքների ոտնահարման համար պատասխանատվություն չեն կրում և որ մարզադաշտ չմտած երկրպագուների համար ոչ մի փոխհատուցում չի նախատեսվում:

«Այո, կազմակերպիչը մենք ենք, բայց նման հանրային միջոցառումների ժամանակ մենք դիմում ենք ոստիկանությանը, հրշեջներին, շտապ օգնությանը՝ մեզ օգնելու համար: Ի՞նչ անենք, չեն կարողանում իրենց գործը անել: Հիմա ի՞նչ, եթե մարդ մահանար խաղի ժամանակ, Աստված մի արասցե, մե՞նք էինք մեղավոր լինելու, թե՞ բժիշկները, որ օգնություն ցույց չեն տվել»,- ասել է Ֆեդերացիայի աշխատակիցը:

Մամուլի բաժնից նաև բացառել են կրկնակի տոմսերի վաճառքը, ինչպես նաև ասել են, որ տոմսերը պաշտպանիչ շերտեր ունեն:

Epress.am-ը կրկին դիմել է Ոստիկանություն՝ ֆեդերացիայի մեղադրանքների մեկնաբանությունը ստանալու համար, սակայն Արմեն Մալխասյանն ասել է, որ միջադեպի մասին մեկնաբանությունն արդեն տվել է և ավելացնելու ոչինչ չունի:

Հիշեցնենք, որ այսօր գյումրեցի ֆուտբոլի երկրպագուները բաց նամակ են հղել ՀՀ Ոստիկանությանը և Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիային՝ դժգոհելով երեկվա միջադեպից: Նրանք նշում են, որ ոստիկանները իրենց թույլ չեն տվել մարզադաշտ մուտք գործել, թեև ձեռքին տոմսեր են եղել:

«Մարզադաշտի դիմաց մեզ «դիմավորեցին» ոստիկանների հոծ շարքերը, որոնք, ի զարմանս բոլորիս, թույլ չտվեցին մեզ ներս մտնել, այն դեպքում, երբ մեր ձեռքին առկա էին Հայաստան-Չեխիա խաղի տոմսերը գնված Վ.Սարգսյանի անվան մարզադաշտի դրամարկղից», – մասնավորապես, ասված է երկրպագուների բաց նամակում:

Լուսանկարը՝ birthrightarmenia.wordpress.com