Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ազատության հրապարակում քննարկեցին բնությունն ու Տարոն Մարգարյանին

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ազատության հրապարակում քննարկեցին բնությունն ու Տարոն Մարգարյանին

Մարդիկ պայքարում են և մտադիր չեն զիջել ու հեռանալ Ազատության հրապարակից: Այս մասին այսօր Ազատության հրապարակում քաղաքացիական խորհրդի հերթական քննարկման ժամանակ ասել է քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոաննիսյանը:

«Այս երկրում չկա մարդ, ով սատարում է Սերժ Սարգսյանին: Անգամ ոստիկանները, բանակը: Եթե անգամ իշխանությունը ուժային սցենարին դիմի, չի գտնվի մի շարքային, ով կկրակի ժողովրդի վրա»,- վստահություն է հայտնել Իոաննիսյանը:

Նա հավաքվածներին կոչ է արել կոտրել հասարակությանը պարտադրված կարծրատիպերը, օրինակ, այն, որ իշխանությունը ուժեղ է և որ Տարոն Մարգարյանը լավ քաղաքապետ էր:

Իոաննիսյանն ասել է, որ Մարգարյանը Երևանի կենտրոնում ծաղիկներ է տնկել և նստարաններ է տեղադրել հարկատուների հարկերի հաշվին, այն էլ՝ «ատկատներով», որ երևանցիները երթուղայիններում երթևեկում են կռացած, որ ասֆալտը Երևանում փչանում է երեք տարվա ընթացքում, իսկ քաղաքի միակ գրքերի տոնավաճառը քանդվել է:

Կարծրատիպերը ջարդել և իշխանական ու նաև որոշ ընդդիմադիր քարոզին դիմակայելու կոչ է արել նաև քննարկման մյուս բանախոս, բլոգեր Իզաբելլա Աբգարյանը: Նա ասել է, որ ստանում է նամակներ և հարցեր, թե արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումը մարում է:

«Պայքարը հրդեհի նման է, և այն մարելու համար հրշեջները մեթոդներ են կիրառում, լոկալացնում են, փոքրացնում: Մեր պայքարը չեն կարող մարել»,- հայտարարել է Աբգարյանը:

Նա հակադարձել է սոցցանցերում շրջանառվող կասկածներին, թե իբր Րաֆֆի Հովհաննիսյանը գործարքի է գնացել իշխանությունների հետ: Աբգարյանն ասել է, որ նման մտադրություն ունենալու դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանը չէր դիմի ծայրահեղ պայքարի միջոցի՝ հացադուլի, այլ համաձայնության կգար իշխանությունների հետ հենց փետրվարի 19-ին:

Քաղաքացիական ակտիվիստ Ապրես Զոհրաբյանն էլ խոսել է Հայաստանում բնապահպանության հիմնահարցերից: Նա ասել է, որ մեծագույն խնդիրն է ազատել Հայաստանը ագահ մարդկանցից, որոնք վնաս են հասցնում բնությանն ու էկոհամակարգին և ստեղծել ժողովրդական կառավարման համակարգեր:

Զոհրաբյանի խոսքով՝ Հայաստանում արտագաղթի մի մասն է կազմում էկոարտագաղթը. մարդկանց 10% երկրից հեռանում է, քանի որ չի ցանկանում ապրել բնապահպանական լուրջ խնդիրներ ունեցող Հայաստանում: